Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսել է Հայաստանի ճանապարհներին տիրող վիճակից ու Հայաստան բերված ավտոմեքենաների վիճակագրությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. 2019թ.-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում առաջին անգամ հաշվառվել և գրանցվել է 121 հազար 183 ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից  66 հազար 350–ով ավելի է։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Մոտոռոլերով` հիվանդանոց. հնդիկն անվճար օգնում է ՃՏՊ–ներից տուժածներին. տեսանյութ

Խոշոր վթար Կոտայքի մարզում. BMW-ի բախումից պատը փլուզվել է

Տրանսպորտային միջոցների քանակին զուգահեռ Հայաստանում, նրա խոսքով, աճում է նաև ՃՏՊ–ների վիճակագրությունը։

«Բայց որպեսզի մենք ՃՏՊ–ների ավելացումն ուղիղ չկապենք ներկրվող մեքենաների թվի ավելացման հետ, հանձնարարել եմ ուսումնասիրել, թե ՃՏՊ–ներում ներգրավված ավտոմեքենաներից քանիսն է նոր ներմուծված եղել, տրանսպորտային միջոցները վարող անձանցից քանիսն են նոր վարորդական իրավունք ստացածներ եղել»,–ասաց Սարգսյանը։

Այս ուսումնասիրությունից հետո ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս ունի վերջնականապես գտնել ՃՏՊ–ների ավելացման պատճառը։

«Մենք անընդհատ ասում ենք` ճանապարհների վիճակը վատ է, որովհետև շատ մեքենաներ են եկել։ Բայց իրականում պետք է հասկանանք` մեր հին վարորդնե՞րն են մեղավոր, ովքեր արդեն չափից ավել են հանցավոր ինքնավստահություն ցուցաբերում, արագ են վարում, թե՞ նոր վարորդները, ովքեր նոր են սկսել վարել ու իրենց անփորձությամբ պատճառով դառնում են ՃՏՊ–ի մեղավոր կամ մասնակից»,–ասաց Սարգսյանը։

Այս վերլուծության արդյունքները ոստիկանության ղեկավարը խոստացավ ներկայացնել մի քանի ամսից` հիշեցնելով, որ ոստիկանության ստորաբաժանումները նման վերլուծություն կատարելու թվային համակարգեր չունեն, և հաշվարկները կատարվելու են ձեռքով։