Իրավագետ Գոհար Մելոյանը համոզված է, որ Արսեն Բաբայանի պարագայում հանցակազմի հատկանիշներ չկան։
«Բաբայանը մեղադրվում է ՍԴ լիազորություններին տիրանալու մեջ: Արդյո՞ք այս դեպքը կարելի է որակել որպես իշխանության յուրացում, եթե անգամ առաջնորդվենք դավադրության տեսության կանխավարկածով ու ենթադրենք, որ Հրայր Թովմասյանն ապօրինի է ընտրվել ՍԴ անդամ, այնուհետև նախագահ: Ակնհայտ է, որ նա միանձնյա որևէ կերպ չէր կարող յուրացնել ՍԴ լիազորությունները, որովհետև այդ ատյանը կոլեգիալ մարմին է, և նրա միջոցով որոշումներն ընդունվում են առնվազն հինգ դատավորների կողմից»,- նշում է Մելոյանը:
Սահմանադրական իրավունքի մասնագետ գտնում է, որ տվյալ պահին ունենք մի իրավիճակ, երբ Արսեն Բաբայանը ազատությունից զրկված է չգործող իրավական ակտի հիման վրա: Իսկ նրա տեսակցություններին արգելանք դնելու որոշման առնչությամբ Մելոյանը նշում է, որ միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ փորձում են բարոյական ճնշում գործադրել:
«Արսեն Բաբայանը առանձնակի դաժանությամբ հանցագործություն կատարած անձ չէ, հանրության համար առանձնակի վտանգ չի ներկայացնում և ոչ էլ կարող է տեսակցությունների միջոցով որևէ կերպ տվյալ գործի վրա ինչ-որ ազդեցություն ունենալ»,- համոզված է Գոհար Մելոյանը:
Իրավագետը պնդում է, որ իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի հարուցումը խնդրահարույց է, որովհետև հենց այս հոդվածի հարուցմամբ տարրական գիտելիքների պակաս է երևում։
Ղազարյան. «Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածը թույլ է, խնդրահարույց»