Ինչպիսին է 2020թ.–ի բյուջեն ըստ վարչապետի

Հունվարի 1-ից կավելանան աշխատավարձերը և երեխաների ծննդյան նպաստները։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բյուջեի հիմնական ցուցանիշները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ տնտեսությունը շարունակում է շատ լավ տրամադրություն ունենալ։ Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զարգացում ապահովող բյուջե. կառավարությունը որոշել է փող փնտրել ոչ թե դրսում, այլ ներսում

Վարչապետը նշեց, որ 2020թ.–ի բյուջեի նախագիծն ու դրա կատարումը համահունչ են կառավարության ծրագրին։

«Մենք բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումները, այլ պահպանողականը` ապահովելու համար մակրոտնտեսական կայունություն,– ասաց վարչապետը` հիշեցնելով ռուսական հայտնի ասավածքը,–надейся на лучшее, готовься к худшему»։

Վարչապետն ասաց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսված է 4,5 տոկոս տնտեսական աճ, որը զիջում է ոչ միայն 2019թ.–ի ցուցանիշին, այլև ԿԲ–ի (7% +- 0.1%) ու միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներին։

«2019թ–ի բյուջեն կարող է թերակատարվել». Փաշինյանը դա բնական է համարում

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ 2020 թ.–ի բյուջեն նախահեղափոխական` 2018թ.–ի բյուջեի համեմատ 27 տոկոս աճ է արձանագրել. առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի 2018թ.-ի համեմատ ավելի են լինելու 33 տոկոսով, գիտության, կրթության, սպորտի ոլորտի ծախսերը` 41 տոկոսով, աշխատանքի և սոցիալակ ոլորտի ծախսերը` 21 տոկոսով, պաշտպանության ծախսերը` 25.3 տոկոսով։

«2020թ.–ին ՀՀ 200 000 աշխատողների աշխատավարձերն ավելանալու են` ի հաշիվ 2020թ.–ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի»,– ասաց վարչապետը` հիշեցնելով, որ նման հնարավորություն է ընձեռելու եկամտահարկի նվազմանն ուղղված օրենսդրական փոփոխությունը։

Բացի այդ, 2020թ.–ի հուլիսի 1-ից առաջին ու երկրորդ երեխայի ծննդյան նպաստը հասցվելու է 300 000 դրամի` ներկայիս 50 և 150 հազարների փոխարեն։

200 մլրդ դրամով ավելի. կառավարությունը հավանություն է տվել 2020-ի պետական բյուջեի նախագծին

Նշենք, որ 2020թ.–ի բյուջեի նախագծով նախատեսնում է 1 տրիլիոն 697 մլրդ 618 մլն 538 հազար 800 դրամ եկամուտ, 1 880 186 389 800 ծախս, 182 567 851 000 դեֆիցիտ, 4.5 տոկոս տնտեսական աճ։