«Ես BBC-ի հաղորդման ոճն իմանալով` որոշեցի հյուրընկալվել դրան». Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանն ուրախ է, որ BBC-ին տված իր հարցազրույցը հայ հասարակությունը միանշանակ չի ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի Hard Talk հաղորդման ուղղվածությունը և ոճն իմանալով է որոշել հյուրընկալվել հաղորդմանը։ Այս մասին Մնացականյանն ասաց Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Եկատերինա Զախարիևայի հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Թուրքիան սպառնում է մեր անվտանգությանը». Մնացականյան

«Նման հաղորդումը ժողովրդավարական երկրում ներքաղաքական դեբատի առիթ է դառնում, և ես շատ ուրախ էի, որ Հայաստանը բացառություն չէ։ Ուրախ եմ, որ Հայաստանում կարծիքների բազմազանություն կա` գոյություն ունի քննադատություն և աջակցություն։ Ինձ ուղղված քննադատության մեջ կար նաև կառուցողական քննադատություն, որտեղ առկա էին օգտակար կարծիքներ»,–ասաց նա։

Նախարարը, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե չի արձագանքել հաղորդավարի այն պնդմանը, որ Արցախը Հայաստան չէ, ասաց` քանիցս նշվել է` Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ, այլ անվտանգության հարց, որն առաջին հերթին մարդուն է վերաբերում։ Մնացականյանի խոսքով` որպեսզի Արցախը մնա պատմական տարածք, անհրաժեշտ է, որ ժողովրդի իրավունքը պաշտպանվի այսօր և վաղը։

«Մենք եղել ու մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը։ Իսկ հաղորդմանը մասնակցելու իմ գլխավոր նպատակը մեր` այս դիրքորոշումների տարածմանը նպաստելն էր»,–իր խոսքն ամփոփեց նախարարը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 25-ի հրապարակված հարցազրույցի ընթացքում Hard Talk հաղորդման վարողը` Սթիվն Սակուրը, մեղադրում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ երբ նա հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», հասկանում էր, որ դա շրջանցում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի և բոլոր միջազգային անկախ մարմինների դիրքորոշումը, և որ ինքը դժվարանում է որակել այդ ժեստը որպես խաղաղությանն ընդառաջ քայլ:

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

Մնացականյանի վերոհիշյալ հարցազրույցը քննարկումների ու քննադատությունների տեղիք էր տվել։

Բոզոյան. «Արևմուտքում ակնկալում էին, որ Փաշինյանն ավելի կոմպրոմիսային տարբերակի կգնար»