ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. 2020թ.–ին Հայաստանից արտահանումները կաճեն շուրջ 11 տոկոսով։ Այսօր ԱԺ–ում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Ակնկալվում է, որ մենք կունենանք արտահանման աճ, ոչ թե ներմուծման։ Այդ տրամաբանությամբ է կառուցված նաև բյուջեի նախագիծը։ 10.9 տոկոս աճ է կանխատեսվում արտահանման համար և 6.8 տոկոս` ներմուծման համար»,– ասաց Ջանջուղազյանը։
Համեմատության համար ասենք, որ մինչև 2019թ.–ի տարեվերջ կառավարությունն ակնկալում է մինչև 7 տոկոս արտահանման աճ։
Ինչ վերաբերում է ակնկալվող ներդրումներին, ֆինանսների նախարարը չցանկացավ թվային ցուցանիշ հնչեցնել, միայն նշեց, որ կառավարությունն այսօր կարողությունների վերանայման փուլում է։
«Մենք ներդրում ասելով` հասկանում ենք միայն խոշորամասշտաբ որևէ ծրագրի ներդրում։ Բայց աշխարհը վաղուց արդեն գնացել է այլ ուղղությամբ։ Դրա համար մեզ պետք է կապիտալի շուկայի ձևավորում, որի ուղղությամբ մենք քայլեր ենք անում, և կարծում ենք` այդ կապիտալի շուկայի ձևավորման արդյունքում ներդրումներ ներգրավելու հնարավորությունն ավելի է մեծանալու, նաև միջավայրն է դառնալու ավելի նպաստավոր»,– ասաց նախարարը։
Ինչպիսին է 2020թ.–ի բյուջեն ըստ վարչապետի
Հիշեցնենք` կառավարության ներկայացրած 2020թ.–ի բյուջեի նախագծով նախատեսվում է 1 697 618 538 800 դրամ եկամուտ, 1 880 186 389 800 ծախս, 182 567 851 000 դեֆիցիտ, 4.5 տոկոս տնտեսական աճ։