«Թուրքիան սպառնում է մեր անվտանգությանը». Մնացականյան

Մնացականյանը կարծում է, որ Չավուշօղլուի` Բաքվում արած հայտարարությունները դատապարտելի ու անընդունելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Բաքվում արած հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիան սպառնում է մեր անվտանգությանը։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է BBC–ի հարցերին

Նշենք, որ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտնել էր, թե Թուրքիան օժանդակելու է Ադրբեջանին` անելով ձեռքից եկածը, որ «օկուպացման տակ գտնվող Ադրբեջանի հողերը» հետ վերադարձնեն։
«Մեզ համար նորություն չէր Չավուշօղլուի դիրքորոշումը. մենք նման մոտեցումներ տարբեր առիթներով ու այլ ձևակերպումներով լսել ենք։ Չավուշօղլուի հայտարարությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ նա սպառնում է մեր անվտանգությանը»,–ասաց Մնացականյանը։

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

Նրա խոսքով` Թուրքիայի ԱԳ նախարարի դիրքորոշումը դատապարտելի ու անընդունելի է։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա սկզբին` հունվարին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնար է կայունություն ապահովել Կովկասում և կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները։ Նա նաև հավելել էր, որ Թուրքիան 2019թ.–ին այդ հարցերում ավելի հետևողական կլինի։