ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված քննչական գործողություններում քաղաքական ենթատեքստ չկա։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
«Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ուղղակի նյութերի նախապատրաստման համար խնդիր է առաջացել լսելու նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն` երեխաներին` դուստրերին ու հորը։ Ասեմ, որ երեխաները 25-26 տարեկան են։ Խնդիրը կապված է գույքի հետ։ Իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ մասով»,– ասաց Մարտիրոսյանը։
Թե ինչ գույքի մասին է խոսքը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը չմանրամասնեց` ասելով, որ նախաքննությամբ ձեռ բերված տվյալների վերաբերյալ ԱԱԾ–ն մանրամասն տեղեկատվություն է հրապարակել։
ԱԱԾ-ն փորձել է կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա զանգերին չի պատասխանել
Էդուարդ Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ Հրայր Թովմասյանին ևս փորձել են հրավիրել ԱԱԾ, բայց ոչ հարցաքննության, այլ զրույցի։ Վերջինը, սակայն, հեռախոսազանգին չի պատասխանել, հետո էլ մեկնել է Մոսկվա։
«Մենք իրեն` որպես բարի կամքի դրսևորում, ուղղակի ուզում էինք տեղեկացնել, որ այսպիսի խնդիր կա։ Եվ այդտեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա»,– ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Հրայր Թովմասյանի հարազատներին կանչել էին ԱԱԾ: Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ-ն Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ ներկայացրեց:
Նշվում էր, որ խնդիրը կապված է 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների հետ։
Հենց այդ շրջանակում էլ ԱԱԾ–ն փորձել է հետազոտել Թովմասյաններին պատկանող առանձնատան տանիքը, բայց Թովմասյանի հայրը մերժել է:
ԱԱԾ աշխատակիցները Վ. Թովմասյանի առանձնատուն են այցելել, քանի որ նա գերադասել է իր տանը բացատրություն տալ։ Բայց հընթացս նա փոխել է միտքն ու նախընտրել բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ շենքում՝ փաստաբանների ներկայությամբ: