«20 տարի անց էլ լռե՞նք. Ջհանգիրյանն ու Տեր- Պետրոսյանը պետք է խոսեն». Միքայելյան

Սասուն Միքայելյանը ցանկանում է, որ գոնե Թավշյա հեղափոխությունից հետո «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով պետք է խոսեն նաև ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Այս մասին նա ասաց այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:

«Լինում են հանցագործություններ, որոնք բացահայտվում են 30-40 տարի անց». Դավիթ Տոնոյան

«20 տարի հետո էլ լռե՞նք, եղբայր: Ժամանակն է, որ Գագիկ Ջհանգիրյանը խոսի, քանի որ «Հոկտեմբերի 27»-ի գործով հենց նա է քննել Նաիրի Հունանյանին: Այսօր նա շատ ավելին պետք է իմանա, քան որևէ մեկը»,-ասաց Միքայելյանը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի` երկար լռությունից հետո 1999 թ–ի հոկտեմբերի 27–ին արված հայտարարությանը, թե համախմբվեք նախագահի շուրջ, Միքայելյանը շեշտեց, որ այդպես էլ չի հասկացել Տեր-Պետրոսյանի պահվածքը։

«Ես չեմ հասկանում նրա այդ հայտարարությունը, նա առաջարկում էր համախմբվել մի նախագահի շուրջ, որի օրոք ահաբեկչություն տեղի ունեցավ և օրը ցերեկով ԱԺ-ում գնդակահարվեց թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինը»,-ասաց Միքայելյանը և շեշտեց, որ բոլորը  պետք է հետամուտ լինեն, որ «Հոկտեմբերի 27-ը» բացահայտվի:

Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։