Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

«Փարոս» կամերային երգչախումբն աշխարհում եզակիներից է. երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունի։ Միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր ներառական այս երգչախումբն արդեն 26 տարի է՝ պետական կարգավիճակ չունի։
Sputnik

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերած Շուշան Նահապետյանը Կարմիր խաչի հետվնասվածքային կենտրոնում ոչ միայն հանդիպեց ապագա ամուսնուն, այլև գտավ իր կյանքը լուսավորած զբաղմունք՝ երգեցողություն։ Սայլակի վրա նստած երգելն ավելի դժվար է, մյուս կողմից իր մտքով էլ չէր անցնում, որ ինքն առհասարակ երգել գիտի։ «Փարոս» կամերային երգչախմբի երգիչները մի քանի ամիս ապրում, բուժումներ էին ստանում Կարմիր խաչի կենտրոնում, միևնույն ժամանակ հենց տեղում իրենց փորձերն անցկացնում։ Այն ժամանակների գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Վաչագան Նավասարդյանը Շուշանին համոզեց՝ երգելն անպայման ստացվելու է։

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

«Առաջին երկու փորձերին շատ տխուր էի, չէր ստացվում, բայց մաեստրոն համառ էր ու աստիճանաբար սկսեցի երգել։  Կյանքս շատ փոխվեց «Փարոսի» շնորհիվ, ձեռք բերեցի ընկերներ, ներաշխարհս փոխվեց»,- պատմում է Շուշանն ու ժպիտով նշում, որ այս տարի արդեն 25-րդ տարին է՝ երգչախմբում է։

Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց

Մի ամբողջ կյանք ու մեծ բեմեր «Փարոսի» հետ՝ Ռուսաստան,  Վրաստան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա և այլն։ Խոստովանում է, որ ընտանիք կազմելուց, բալիկ ունենալուց հետո մի պահ մտածեց հեռանալ երգչախմբից, բայց չկարողացավ: 

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը
      

«Ուրիշ ջերմություն և ուրիշ աշխարհ է սա։ Երբ այս դռներից ներս եմ մտնում ու սկսվում է փորձը, հանգստանում եմ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Այս երկու ժամերն իմ կյանքի անբաժան մասն են դարձել, ինձ բարի լիցքեր են տալիս օրս շարունակելու համար»,- պատմում է Շուշանը։

Իր ծնվելու ժամանակ բժշկի անփութության հետևանքով Մարիամ Հայրապետյանն ի ծնե հաշմանդամություն է ձեռք բերել։ «Փարոս» երգչախումբ է շտապում Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքից հետո։ Անգամ համազգեստը չի հասցնում փոխել, որ հանկարծ փորձից չուշանա։ Երգչախմբին միացել է 2009 թվականին։ Մինչ այդ երբեք չէր երգել։ Երբ երգչախմբի նոր գեղարվեստական ղեկավարը՝ Րաֆֆի Միքայելյանը, առաջարկեց միանալ իրեն, Մարիամը սկզբում մերժեց՝ վստահ լինելով, որ երգն իրենը չէ։ Հետո, այնուամենայնիվ, համաձայնեց գալ՝ ձայնային տվյալները ստուգելու համար։

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

«Անկեղծ ասած, տրամադրված էի, որ ոչինչ չի ստացվելու և բացասական պատասխանով հետ եմ գնալու։ Բայց այդպես չեղավ»,- պատմում է Մարիամն ու հիշում իր առաջին շրջագայությունը դեպի Ավստրիա. մի քիչ վախենում էր, որովհետև չգիտեր, թե իրեն ինչ է սպասվում, մեր երկիրը սայլակով տեղաշարժվող մարդկանց համար շատ մատչելի չես համարի, իսկ հիմա էլ հեռու, օտար երկիր ես գնում, բայց այս երգչախմբում բոլորն իրար օգնում են, այնպես որ անհաղթահարելի ոչինչ չկա։

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից

«Փարոս» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1993 թվականին։ Այն աշխարհի եզակի երգչախմբերից մեկն է, որի երգիչների մեծ մասը սայլակ է օգտագործում։ Տարիներ առաջ, երբ ներառականության մասին գրեթե չէր էլ խոսվում, երգչախմբում արդեն ստեղծված էր այդ ներառական միջավայրը՝ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց կողքին երգում էին ոչ հաշմանդամ երգիչներ։ Իհարկե, վերջիններիս ընտրությանը երգչախմբում միշտ ավելի խիստ են վերաբերվել, եթե, օրինակ` հաշմանդամություն ունեցող երգիչները կարող էին չունենալ երաժշտական կրթություն կամ գերազանց ձայնային տվյալներ, ապա ոչ հաշմանդամ երգիչների դեպքում դա պարտադիր է։

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

Պրոֆեսիոնալ երաժիշտ և երգչուհի Լիլիթ Սիմոնյանը վաղուց գիտեր «Փարոս» երգչախմբի մասին։ Բոլորովին այլ ծրագրով հրավիրվել էր «Ունիսոն» ՀԿ (վերջինս հոգում է «Փարոսի» կազմակերպչական հարցերը)։ Քանի որ երգչախմբով հիացած էր, առիթն օգտագործեց ու խնդրեց՝ երբ նոր երգիչ փնտրեն, իրեն նկատի ունենա։ Կարճ ժամանակ անց, այդպես էլ եղավ՝ Լիլիթին հրավիրեցին երգչախումբ։ Խոստովանում է, որ իր համար դա մեծ ուրախություն էր, որին վաղուց էր սպասում։

29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչում է

«Սա իսկապես հայտնություն էր ինձ համար բոլոր առումներով։ Երբ նոր էի եկել, դժվարություններ կային։ Շատ զգուշորեն էի խոսում՝ փորձելով ընտրել ճիշտ բառեր. վախենում էի` ինչ-որ մեկին հանկարծ չնեղացնեմ։ Հետո պարզվեց՝ ես այնքան ուժեղ մարդկանց հետո գործ ունեմ։ Այնքան բան եմ իրենցից սովորել։ Իրենք են ինձ ուժեղացրել»։

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

Լիլիթն ասում է, որ երգչախմբում բոլորն այնքան կյանքով, կենսասիրությամբ, լույսով լեցուն են, որ նրանց կողքին հայտնված մարդն էլ է դեպի լավը փոխվում, լավատես դառնում։

Բյուրեղներով արտասվող Սաթենիկը․ հազվագյուտ հիվանդությունն ապշեցրել է բժիշկներին

«Իրենք իրենց ապրելաձևով օրինակ են դառնում. ամեն փոքրիկ բանի համար պետք չէ տրտնջալ, բողոքել։ Մարդիկ այնքան լուրջ խնդիրներ ունեն, բայց դա իրենց չի խանգարում ապրել, սիրել կյանքը, ժպտալ, ոգևորվել ու ոգևորել»,- ասում է նա։ Հպարտությամբ նշում է, որ հյուրախաղերի ժամանակ հանդիսատեսը միշտ հոտնկայս է ծափահարում երգչախմբին ու դա անում է ոչ թե նրա համար, որ յուրահատուկ երգչախումբ է, այլ որովհետև իսկապես պրոֆեսիոնալ է, կարողանում է հուզել մարդկանց։

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

Երգչախմբի խմբավար Ռուբեն Կարասեֆերյանը հիմնադրման առաջին օրվանից գիտի «Փարոսի» մասին. մորեղբայրն առաջին կազմում էր, ինքն էլ համերգներին միշտ ներկա էր և ամեն անգամ զարմանում էր, թե ինչպես անվասայլակի վրա նստած կարելի է այդպես երգել.

«Նստած մարդը չի կարող ունենալ նույն շնչառությունը, ինչ կանգնած վիճակում։ Շատ դժվար է այդ դիրքում ձայնի նույն մաքրությունը ստանալ»,- ասում է նա ու հավելում, որ չնայած այս դժվարություններին՝ երգչախումբը Համաշխարհային երգչախմբային խաղերում երկու անգամ արծաթե մեդալի է արժանացել՝ մեկը Ռիգայում, մյուսը՝ Սոչիում։ Հաշմանդամություն ունեցող մասնակիցներով միակ երգչախումբը «Փարոսն» էր և մրցում էր աշխարհի տարբեր կողմերից ժամանած ուժեղ, պրոֆեսիոնալ երգչախմբերի հետ, որոնցից շատերը նաև պետական կարգավիճակ ունեին, ինչը, ցավոք, արդեն 26 տարի հայաստանյան և միջազգային բեմերում ելույթ ունեցող, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր «Փարոսն» այդպես էլ չունի։