«Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից». Միրզոյանը` հոկտեմբերի 27֊ի մասին

Միրզոյանը նշել է, որ կատարվածից 20 տարի անց պետք է հերթական անգամ դատապարտենք այդ ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ գտնել մեր հասարակական ֊ քաղաքական կյանքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. 1999թ. հոկտեմբերի 27֊ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական ֊ քաղաքական կյանքում»,- նշել է Աժ խոսնակը։

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

«20 տարի անց էլ լռե՞նք. Ջհանգիրյանն ու Տեր- Պետրոսյանը պետք է խոսեն». Միքայելյան

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։