ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Վանաձորի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր և ծանոթացել քաղաքի զարգացման ծրագրերին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ։
Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Թանգարանի ֆոնդերը ներառում են շուրջ 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակներ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Թանգարանում ցուցադրված են ոչ միայն լոռեցի գեղանկարիչների ստեղծագործությունները։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Նշվել է, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։
Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում
«Վանաձոր Արմենիա» առողջարանը հայտնի է որպես ցեխաբուժության կենտրոն՝ տորֆաբուժության բազմամյա ավանդույթներով։ Բացի ցեխաբուժությունից, այստեղ իրականացվում են ջրաբուժություն, պարաֆինաբուժություն և կլիմայաբուժություն։ Վերանորոգումից հետո, բացի բուժական սենյակներից, առողջարանն առաջարկում է նոր ստանդարտ, դելյուքս և լյուքս դասի ժամանակակից հյուրանոցային համարներ, առողջարանը բաց է լինելու տարվա բոլոր եղանակներին։