Նախկին զինծառայողների արձակուրդայինը կվճարվի՞. ՊՆ–ի մեկնաբանությունը

Պաշտպանության նախարարությունը չի հերքում, որ որոշ պահեստազորայիններ բախվել են խնդրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը չի հաշվառել, թե քանի պահեստազորային զինծառայողի արձակուրդային չի վճարվել։ Այս մասին հայտնում է ՊՆ–ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Իրավունքի սահման» ՍՊԸ–ի նախագահ, պահեստային զինծառայողների միության անդամ Գևորգ Հովհաննիսյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ 2005–ից Հայաստանում հարյուրավոր զինծառայողներ և այլ ուժային կառույցների աշխատակիցներ չեն ստացել տարիների ընթացքում կուտակված արձակուրդայինները։

«Յուրաքանչյուր զինծառայողի դեպքով գումարի չափը տարբեր է լինում` պայմանավորված չօգտագործված արձակուրդի օրերի քանակով և զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխանող պաշտոնային դրույքաչափով»,– նշված է ՊՆ–ի պարզաբանման մեջ։

Մեր հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ զինծառայողների` չվճարված արձակուրդայինի պահանջն արդարացի է, ՊՆ–ն անհասկանալի պատասխան է տվել, թե բոլոր այն դեպքերում, երբ դիմումատուի պահանջը հիմնավորվում է, ապա փաստացի պահանջը ստացվում է արդարացի։

Կապանում ծառայող զինվորից 5 օր է` լուր չկա. ինքնակամ լքել է զորամասը

Նախարարությունը, այնուամենայնիվ, վստահեցնում է, որ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։

ՀՀ ԶՈւ-ում կազմավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք

Հիշեցնենք, որ Գևորգ Հովհաննիսյանը նշել էր, որ չվճարված արձակուրդայինների հարցով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Օմբուդսմենը մի շարք դեպքերում խախտումներ է գտել իշխանությունների գործողություններում, սակայն նրա եզրակացությունները կրում են երաշխավորական բնույթ։

Կենտրոնական զինվորական հոսպիտալի որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է