Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումն ուզում են մինչև 2021 թվականն ավարտել

Հայաստանն ու Իրանը կկարողանան ավելի շատ էլեկտրաէներգիա ուղարկել ոչ միայն միմյանց, այլև Վրաստանին ու Ռուսաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 2020 թվականի վերջին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Ի՞նչ կտա Հայաստանին հոսանքի նոր «մայրուղին». պարզաբանում է փոխնախարարը

Այժմ Հայաստանն ու Իրանը կապող 220 կՎ լարման երկու գիծ կա։ Դեռ 2000-ականներին նախատեսվել էր 400 կՎ լարման երկշղթա գիծ կառուցել, որը եռակի կավելացնի հայ-իրանական էներգետիկ միջանցքի թողունակությունը և Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան միջանցքով էլեկտրաէներգիա տարանցելու հնարավորություն կստեղծի։

Էլեկտրահաղորդման նոր գծի գաղափարն ի հայտ էր եկել դեռ 2000-ականների կեսերին։ Համաձայնագրեր էին կնքվել Իրանի արտահանման բանկի հետ։ Աշխատանքին խանգարեց 2012 թվականին իրանական նավթի վրա դրված եվրոպական էմբարգոն ու դրա պատճառով իրանական տնտեսության մեջ առաջացած դժվարությունները։ Բայց հետո բանակցությունները վերսկսվեցին, ու 2017 թվականին վերջապես աշխատանքները մեկնարկեցին։ Նախագծի արժեքը 107,9 միլիոն եվրո է։ Փոխնախարարն ընդգծեց` թեև շինարարությունը մի քանի տարով ձգձգվել է, բայց բյուջեն նույնն է մնալու։

Աշխատանքներն ամբողջովին ֆինանսավորելու է իրանական կողմը։ Գումարի 77%–ը տրամադրելու է նշված իրանական բանկը, 23%-ը` շինարարության գլխավոր կապալառուն` ի դեմս իրանական Sunir ընկերությանը։

Գծի կառուցումն իրականացվում է միանգամից վեց տեղամասում։ Հինգում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, վեցերորդում նոր են սկսվել։ Դա ամենահարավային հատվածն է՝ Մեղրիից Կապան։

«Մեծ ու բարդ շինարարություն է․ 270 կիլոմետր` լեռնային դժվար ռելիեֆով», - ասաց փոխնախարարը։

Գծի հետ մեկտեղ պետք է նաև 400/220 կՎ լարմամբ 2 ենթակայան կառուցվի Նորավանում ու (Սիսիանի մոտակայքում) Դդմաշենում (Սևանա լճի մոտակայքում): Առաջինում արդեն սկսվել են բետոնացման աշխատանքները։ Իսկ երկրորդը կառուցվելու է KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ։ Այստեղ Իրան-Հայաստան գիծը պետք է միանա Վրաստան գնացող նոր 400 կՎ լարման գծին, որը կառուցվելու է KfW վարկով։

«Հյուսիս-հարավը» և ոռոգման համակարգերը․ փոխնախարարը պատմել է` երբ կավարտեն աշխատանքները

Այդ նախագծերը թույլ կտան Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան միասնական միջանցք ստեղծել, և չորս երկրները կկարողանան էլեկտրաէներգիա փոխանակել։Այդ միջանցքի ստեղծման մասին հուշագիրը Երևանում 2016 թվականի ապրիլին ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարները ու Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը։

«Մեղրի» ազատ առևտրի գոտու գործարկումը քիչ հավանական է․ խոշորացված համայնքի ղեկավար