ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիան, եթե Ղարաբաղի հարցում ինչ–որ միջամտություն անելու լիներ, ինչպես անընդհատ խոստանում է, 30-40 տարի առաջ կաներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Բաքվում լրագրողների հետ զրույցում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հայտարարություններին։
Չավուշօղլուն, մասնավորապես, հայտնել էր, թե Թուրքիան օժանդակելու է Ադրբեջանին` անելով ձեռքից եկածը, որ «օկուպացման տակ գտնվող Ադրբեջանի հողերը» հետ վերադարձնեն։
«Ես զարմանում եմ թուրքական դիվանագիտության վրա, քանի որ Թուրքիան դեռևս 1994թ.–ից է խոսել Ղարաբաղը վերցնելու մասին, սակայն այսքան տարիների ընթացքում որևէ հաջողության չեն հասել ու չեն էլ հասնի։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեքստում է, և որևէ մեկ այլ երկրի միջամտություն ոտնձգություն կհամարվի»,–ասել էր նա։
Թուրքագետի խոսքով` Չավուշօղլուն նման հայտարարություն է արել լուռ չմնալու, ինչ–որ բան ասած լինելու համար։ Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները թույլ չեն տա, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում փորձի որևէ միջամտություն անել։
Չաքրյանն անդրադարձավ նաև Թուրքիայի այն ակնարկին, թե Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ասում է, որ Մինսկի համանախագահությունում հարցի լուծման արդյունք չկա, և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը։ Ըստ թուրքագետի` Չավուշօղլուն ուզում է ակնարկել, որ Մինսկի խմբի նախագահող երկրների մեջ նախաձեռնությունն անցնի ՌԴ կողմը, քանի որ իրենք ՌԴ–ի հետ ավելի լավ հարաբերությունների մեջ են, քան մյուսների։
«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին
«Մյուս կողմից, իրականում Թուրքիայի ելույթները ոչ թե Ադրբեջանի շահերով են պայմանավորված, այլ Թուրքիան ինքն է շահագրգռված, որ Հայաստանը դառնա այնպիսի «բանանային երկիր», որ իր կամքին ենթարկվի։ Այսինքն` Ղարաբաղը վերցնել ոչ թե Ադրբեջանի համար է ուզում, այլ` իր»,–ասաց նա։
Հարցին, թե Թուրքիայի ակնկալիքները Ռուսաստանից որևէ հող ունե՞ն` Չաքրյանը պատասխանեց, թե չի կարծում. Պուտինը շատ է վստահում Էրդողանին։ Ավելին, ըստ թուրքագետի` Պուտինը վերին աստիճանի տաղանդավոր առաջնորդ է, միջազգային ասպարեզում բավական մեծ հեղինակություն է վայելում և շատ հավասարակշռված քաղաքականություն է վարում։
Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա սկզբին` հունվարին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնար է կայունություն ապահովել Կովկասում և կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները։ Նա նաև հավելել էր, որ Թուրքիան 2019թ.–ին ավելի հետևողական կլինի այդ հարցերում։