ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Արևմուտքում ակնկալում էին, որ Փաշինյանն ավելի կոմպրոմիսային տարբերակի կգնար»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին և խոսել մասնավորապես ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող գնահատականների մասին:
Sputnik
Բոզոյան. «Արևմուտքում ակնկալում էին, որ Փաշինյանն ավելի կոմպրոմիսային տարբերակի կգնար»

Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ BBC-ի հաղորդավար Սթիվն Սակուրին շատ է անհանգստացրել այն թեզը, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարն այնպիսի բանաձև է արտահայտում, որը նախկինում չկար: Նրանք համոզված էին, որ հեղափոխությունից հետո երկրի նոր ղեկավարը պետք է Ղարաբաղի հարցում հանդես գար էլ ավելի փոխզիջումային տարբերակով, մինչդեռ տեսնում են ճիշտ հակառակ գործընթացը, ինչի արդյունքում նրանց մոտ առաջանում է այդ հիասթափությունը:

«Արևմուտքում կա այն տեսակետը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, բնականաբար, օգուտ կբերի Արևմուտքին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը թույլ կտա մեծացնել Արևմուտքի և Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում, իսկ մյուս կողմից կնվազեցնի Ռուսաստանի դերը: Ավելին, Արևմուտքում ակնկալում էին, որ Փաշինյանը կգնար էլ ավելի կոմպրոմիսային տարբերակի»,- նշում է Բոզոյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Արևմուտքին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմից չեն տեսնում փոխզիջումային կոնկրետ քայլեր, չեն տեսնում քայլեր նաև աշխարհաքաղաքական առումով: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է, և վերջ, ընդհանրապես պրոբլեմատիկ է սարքում բանակցային գործընթացը:

Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

Փաշինյանի բանաձևը դուրս է այն համակարգից, ըստ որի՝ նախկին իշխանությունների առաջարկները չէին խոչընդոտում բանակցային գործընթացը, նույնիսկ դիրքային հակամարտությունն ավարտվում էր խաղաղ բանակցությունների գործընթացով: Բանակցությունները թեև հաջողություն չէին արձանագրում, բայցևայնպես թույլ չէին տալիս, որի իրավիճակը տարածաշրջանում լարվեր:

Տրամաբանության համաձայն՝ Փաշինյանի բանաձևին, ըստ Բոզոյանի, պետք է հաջորդեր Արցախի անկախության ճանաչումը, և սկսվեր միասնության գործընթացը, ինչը միանգամայն տարբերվում է ներկայիս բանակցությունների ֆորմատից:

Հիշեցնենք` ԱԳՆ–ն երեկ հրապարակեց Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը, որում արտգործնախարարը խոսում էր ղարաբաղյան հիմնախնդրի, արտաքին քաղաքականության և կոռուպցիայի մասին։