Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված. քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Քննության շահերից ելնելով` արգելանք է դրված ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պարզաբանելով, թե ինչու ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին թույլ չեն տվել տեսակցել Բաբայանին։

«Արսեն Բաբայանի և պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա»,– նշված է քրեակատարողական ծառայության պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը Facebook–յան իր էջում էր հայտնել, որ իրեն և նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չեն տվել տեսակցել Բաբայանին:

Չի բացառվում, որ Բաբայանի գործով «Լուսավոր Հայաստանը» ՀՔԾ պետին խմբակցություն հրավիրի

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Ղազարյան. «Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածը թույլ է, խնդրահարույց»

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Ով է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի գործով. «Ժողովուրդ»