Իհարկե, կարելի է հարց տալ՝ լավ, իսկ չի կարելի՞ գործը քննել առանց մարդուն մեկուսարան ուղարկելու։ Դժվար է հավատալ, որ նախկին պաշտոնյան կարող է փախչել, առավել ևս՝ խոչընդոտել գործի քննությանը։ Բայց խնդիրն այլ է՝ դավադրության տեսությունների կողմնակիցները պնդում են՝ դեռ այն ժամանակ, երբ մշակվում էր Հայաստանի նոր Սահմանադրությունը, դրա հեղինակները, այդ թվում այն մարդը, որն այժմ գլխավորում է Սահմանադրական դատարանը, այնպես էին արել, որ այդ դատարանը հավերժ մնա հանրապետականների ձեռքում։
Այ այստեղ հարց է ծագում՝ միթե այդ ամենը հիմնված էր այն ենթադրության վրա, որ ի վերջո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հետին թվով կմուտքագրի մի դիմում։
Համաձայնեք՝ դժվար է հավատալ։
Շաբաթվա երկրորդ առեղծվածը նույնպես կապված է մեր խորհրդարանի, ավելի ճիշտ՝ այդ խորհրդարանի նախկին ղեկավարի հետ, որը նաև հայտնի բժիշկ է։ Երեքշաբթի օրը նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած եզակի վիրահատությանը՝ երեխայի լյարդի փոխպատվաստմանը։
Վիրահատությանը ներկա են եղել նաև մոտ երկու տասնյակ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Իրավապահներն այդ մասին տեղյակ են եղել և այնուամենայնիվ որոշել են խորհրդարանի նախկին խոսնակին հարցաքննության հրավիրել հենց այդ օրը։ Ինձ մի հարց է հետաքրքրում՝ եթե Ազգային ժողովի նախկին նախագահը հրաժարվեր գալ հենց այդ օրը, արդյո՞ք ոստիկանները կգային, կմտնեին վիրահատարան և բերման կենթարկեին բժշկին։ Համաձայնեք՝ էլի դժվար է հավատալը։
Շաբաթվա երրորդ առեղծվածը կապված է շարունակվող հրաժարականների հետ։ Իրենց պաշտոններից հրաժարվելու մասին հայտարարեցին փոխոստիկանապետը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Թաղապետի հետ կապված վարկած է շրջանառվում, թե նա նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի սանիկն է և ներկա իշխանությունները պարզապես փորձում են ազատվել այն մարդկանցից, որոնք այս կամ այն կերպ կապված են նախկինների հետ։
Էդ դեպքում հարց է առաջանում՝ բա այն ժամանակ, երբ նոր իշխանությունները այդ մարդուն վարչական շրջանի ղեկավար էին նշանակում, չգիտեի՞ն, որ նա այսինչ նախկին պաշտոնյայի սանիկն էր։
Համաձայնեք՝ կրկին դժվար է հավատալ։
Շաբաթվա չորրորդ առեղծվածը կապված է այն ողբերգական դեպքերի հետ, որոնք տեղի ունեցան 20 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին։ Հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը դիմում է գրել, խնդրելով իրեն վաղաժամկետ պայմանական ազատել պատիժը կրելուց։
Էստեղ մի անհասկանալի հանգամանք կա, որը տարբեր ենթադրությունների առիթ է տալիս։ Ըստ պաշտոնական բացատրության՝ Նաիրի Հունանյանը հիմնավորել է, որ լրացել է անազատության մեջ իր գտնվելու 20 տարին։ Իրականում այդ 20 տարին լրացել էր երկու տարի առաջ, քանզի նախնական կալանքի մեկ օրը հաշվվել է որպես մեկուկես օր։ Բա ինչո՞ւ այդ մարդն իր դիմումը չէր ներկայացրել հենց այն ժամանակ՝ երկու տարի առաջ։ Ու սկսվում են դավադրության տեսությունների կողմնակիցների ենթադրությունները՝ ինչ-որ մեկը խոստացել է նրան, որ եթե ցուցմունքներ տա այսինչի դեմ, ազատ կարձակեն։ Համաձայնեք՝ դժվար է հավատալ։
Եվ վերջապես շաբաթվա հինգերորդ առեղծվածը։ Խորհրդարանական լսումների ժամանակ պաշտոնյաները բացատրեցին, թե ինչու է կրկնապատկվել նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։
Բացատրությունը բավական անհասկանալի է. ասում են՝ ըստ հաստատված բյուջեի՝ գոյություն ունի խրախուսման հիմնադրամ, որը թույլ է տալիս ամեն ամիս հավելավճար վճարել աշխատավարձի 30 տոկոսի չափով։ Հարց է առաջանում՝ եթե խոսքը մոտ մեկ երրորդի մասին է, բա ինչպես է նախարարների աշխատավարձը կրկնապատկվել։ Պատգամավորներից մեկը հայտարարել է, որ իրեն դիմել են քաղծառայողներ և ասել, որ իրենք ընդհանրապես ոչ մի հավելավճար չեն ստանում։ Ու ակամա սկսում ես ենթադրություն անել՝ իսկ արդյոք հենց սա չի պատճառը, որ նախարարներինը կրկնապատկվել է։ Համաձայնեք՝ այնքան էլ դժվար չի հավատալ։