Ի՞նչ կտա Հայաստանին հոսանքի նոր «մայրուղին». պարզաբանում է փոխնախարարը

Երևանը Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան միասնական միջանցքի շրջանակում պատրաստվում է էլեկտրահաղորդման նոր գիծ կառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Վրաստան գնացող էլեկտրահաղորդման նոր գծի տենդերային փաստաթղթերը պատրաստ կլինեն նոյեմբերի վերջին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Փաշինյանն ու Ռոհանին պայմանավորվել են. սառեցված նախագծերը կյանքի կկոչվեն

Էլեկտրահաղորդման նոր գիծը նախորդներից հզոր կլինի` 400 կՎ, մինչդեռ այժմ գործում է մեկ գիծ` 220 Կվ լարմամբ, և երկու գիծ` 110 կՎ լարմամբ։ Գծի կառուցման համար վարկ է տրամադրելու KfW գերմանական զարգացման բանկը։ Նախագծի վերջնական արժեքը դեռ որոշված չէ, այն գնահատվում է 180-250 միլիոն եվրո։

Գծից բացի, պետք է կառուցվի նաև հաստատուն հոսանքի ներդիր։ Այն ապահովելու է Հայաստանի ու Վրաստանի էներգահամակարգերի ավելի սահուն միացումը։ Այժմ դրանք գործում են հոսանքի տարբեր հաճախականությամբ (հայկականը սինխրոնացված է իրանականի հետ, վրացականը` ռուսականի): Այդ պատճառով ամեն անգամ, երբ կողմերն էլեկտրաէներգիա են փոխանակում, դրանք պետք է հաստատուն հոսանքի «կղզյակ» ստեղծեն։ Այդ նպատակով Հայաստանի էներգահամակարգի սահմանային մի հատված ժամանակավորապես անջատվում է ցանցից ու միանում վրացականին (կամ հակառակը)։ Հաստատուն հոսանքի ներդիրը թույլ կտա ուղիղ փոխանակում իրականացնել։

Ինչու է հետաձգվում «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը. պարզաբանում

Ապագա գծի համար մի քանի տարբերակ է քննարկվում։ Վարդանյանն ավելացրեց, որ խորհրդատու ընկերության հետ բանակցություններից հետո պարզ կլինի` դրանցից որն աշխատանքային կդառնա։

Հրազդան քաղաքի մոտակայքում Հայաստան–Վրաստան գիծը միանում է Իրան–Հայաստան գծին։ Այդ դեպքում 400 կվ հզորությամբ համընդհանուր միջանցք կստեղծվի։ Վրաստանն իր հերթին Հայաստան եկող էլեկտրահաղորդալարը 220–ից կդարձնի 500 կՎ, հետո կշարունակի այն Ռուսաստանի ուղղությամբ, հետևյալ ուղղությամբ` Քսանի–Ստեփանծմինդա (Ռուսաստանի սահման) – Մոզդոկ (Հյուսիսային Օսեթիա)։

Սա թույլ կտա Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան միասնական միջանցք ստեղծել, և չորս երկրները կկարողանան ազատորեն էլեկտրաէներգիա փոխանակել։