Հանգիստ և լսելի տեսակապ` նույնիսկ աղմկոտ վայրում. հայ ծրագրավորողների նորույթը

Ձայնային հաղորդագրությունների փոխանցման ժամանակ այդ մարդու ձայնն առանձնանալու է ոչ միայն կողմնակի աղմուկից, այլև ուրիշ մարդկանց ձայներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայ ծրագրավորողների մշակած համակարգչային ծրագրի կատարելագործված տարբերակը ճանաչելու է մարդկային ձայներն ու փոխանցելու է նրանց հաղորդագրություններն առանց աղմուկի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Krisp–ի գիտական մշակումների ղեկավար Ստեփան Սարգսյանը։

Դստեր արցունքները ստիպել են ստեղծել ստարտափը. PicsArt–ի ստեղծման հուզիչ պատմությունը

Ծրագիրը նախատեսված է ձայնային մեսենջերների, նաև աուդիո և տեսաժողովների համար։ Այն հաղորդագրության փոխանցման ընթացքում մաքրում է մարդկանց ձայները կողմնակի աղմուկից։ Դրա համար ձայնային ազդակների բարդ վերլուծություն է արվում։

Իսկ հիմա մշակվում է մեկ այլ` ավելի բարդ ալգորիթմ, որը կկարողանա առանձնացնել խոսողի ձայնը մնացած մարդկանց ձայներից։ Երբ ծրագիրը լավ լսի օգտատերի ձայնն ու սովորի ճանաչել այն, հնարավոր կլինի նույնիսկ ամենաաղմկոտ վայրերում համացանցով զանգեր կատարել ու հանգիստ խոսել։

«Մենք արդեն փորձարկել ենք նոր ալգորիթմն ու հաջողության ենք հասել. բարեհաջող առանձնացնում ենք կոնկրետ մարդու ձայնն ուրիշ մարդկանց ձայներից և, բնականաբար, կողմնակի աղմուկից»,–հավելեց Սարգսյանը։

Ինչ կարող են միասին անել հայերը և հրեաները. գիտնականներից չեն պրծնի անգամ «սև խոռոչները»

Այժմ համակարգը մոտ 40 հազար օգտատեր ունի` ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ (տեսաժողովների համար)։ Ընկերության ներկայացուցիչները վերջերս մասնակցել են նաև Երևանում կայացած WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովին, որի արդյունքում խոշոր ընկերությունների հետ համագործակցության մասին համաձայնագրեր են պատրաստվում։