ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Չի բացառվում, որ Հատուկ քննչական ծառայության պետին «Լուսավոր Հայաստանը» հրավիրի խմբակցություն և հարցեր ուղղի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արսեն Բաբայանը կալանավորվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
«Ես ի սկզբանե կարծիք եմ հայտնել ու ասել, որ պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով Արսեն Բաբայանին հնարավոր չէ կալանավորել։ Դրանից հետո նրան առաջադրվել է այլ մեղադրանք, որով նա կալանավորվել է։ Չեմ բացառում, որ ՀՔԾ պետին կհրավիրենք խմբակցություն ու մեր հարցերը կտանք, քանի որ մի շարք հարցեր է առաջացել մեզ մոտ»,–ասաց պատգամավորը։
Ղազարյան. «Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածը թույլ է, խնդրահարույց»
Մարուքյանի խոսքով` Արսեն Բաբայանը որպես օժանդակող է մեղադրվում, սակայն դեռ պետք է հասկանան՝ ո՞ւմ է Բաբայանն օժանդակել՝ Արա Բաբլոյանի՞ն, թե՞ Հրայր Թովմասյանին։ Պատգամավորը նկատեց` նա, ում օժանդակել է Բաբայանը, ներգրավված չէ քրեական գործում։
«Եկեք չշտապենք, ՀՔԾ-ում թող քննեն։ Ամեն դեպքում, մենք ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, և ցանկացած դեպք, որը դուրս կգա Սահմանադրության և օրենքների շրջանակից, այդ մասին մենք կբարձրաձայնենք»,–ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։
Մասնավորապես, ՀՔԾ–ն հայտնել էր, որ Գագիկ Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:
Ինչ է նկատի ունեցել Բաբլոյանը «Փաշինյանին աջակցել եմ» ասելով . ՀՔԾ–ն մանրամասնում է
Բաբայանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել էր հոկտեմբերի 24–ին։