«Ամեն րոպե ուզում եմ գալ Հայաստան». Ջիգարխանյանը` Փաշինյանին. տեսանյութ

ՀՀ վարչապետն այցելեց հանրահայտ դերասանին, ծանոթացավ նրա հետ ու հրավիրեց Հայաստան։ Դերասանը կարոտով խոսեց հայրենիքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում այցելեց հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանին և խոստովանեց, որ վաղուց էր ուզում տեսակցել նրան։

Փաշինյանի մանկությունն ուղեկցվել է այդ անունով. վարչապետը շքանշան հանձնեց Սիմոնյանին

«Շատ ուրախ եմ ձեզ հետ անձամբ ծանոթանալու համար։ Վաղուց էի ուզում գալ։ Ո՞նց եք զգում»,– ասաց նա։

«Նորմալ։ Պառավություն ա»,– պատասխանեց Ջիգարխանյանը։

Փաշինյանը հետաքրքրվեց` չե՞ք ուզում Հայաստան գալ։

«Շատ եմ ուզում։ Իմ հայրենիքն ա։ Տարիների ընթացքում ես հասկանում հայրենիքի կարևորությունը։ Ամեն րոպե ուզում եմ գնալ Հայաստան»,– ասաց դերասանը։

Ջիգարխանյանը խոսեց նաև իր ղեկավարած թատրոնի մասին, ասաց, որ այնտեղ ամեն ինչ իր հունով է գնում, ներկայացումներ են ցուցադրվում, ինքն էլ է լինում թատրոնում։

Փաշինյանը նշեց, որ պատրաստ է կազմակերպել Ջիգարխանյանի հայաստանյան այցը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը Մոսկվա է մեկնել այսօր` Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Անցած տարվա նոյեմբերին դերասանին էր այցելել նաև Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը։