ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի երգիծաբան և հաղորդավար Միշա Գալուստյանն այսօր տոնում է իր 40- ամյակը։ Նա մոտ մեկ ժամ հարցազրույց է տվել հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին՝ դառնալով նրա «Сарик-Live» Youtube-յան շոուի հերոսը։
Պարզվում է` Սարիկի ծննդյան օրը, երբ Գալուստյանը նրան շնորհավորանքներ է ուղղել, Սարիկը խնդրել է իրեն նվեր մատուցել: Նվերն այն է եղել, որ Միշան իր ծննդյան օրը հարցազրույց տա Սարիկին:
«Իմ ծննդյանը օրը քո ծննդյան օրը խոստացածս նվերն եմ տալիս», - ծիծաղելով ասում է Գալուստյանը։
Հայտնի հայերը զրույցել են հայկական եկեղեցում։ Գալուստյանը պատմել է բոլոր այն պատճառների մասին, թե ինչու է հեռացել ТНТ հեռուստաընկերությունից:
«Ինձ հիմա շատ է համապատասխանում СТС-ի ձևաչափը, քանի որ ես էլ եմ մեծացել , իմ հանդիսատեսն էլ։ Իմ հանդիսատեսներն արդեն կազմել են իրենց ընտանիքները, երեխաներ ունեն։ Ինձ դուր է գալիս այս ձևաչափը, քանի որ այն բարի է և ժամանցային: Իմ հանդիսատեսը կարող է նախագիծը վայելել երեխաների ներկայությամբ և չմտածել, որ հիմա ինչ-որ ավելորդ բառ կամ արտահայտություն կհնչի», - նշել է Գալուստյանը։
Միշան բացահայտել է, որ շուտով իր հանդիսատեսին անակնկալներ են սպասում: Կլինեն շատ նախագծեր, որոնցից մեկը «Միշան փչացնում է ամեն ինչ» սերիալն է լինելու, որում Գալուստյանը հանդես կգա գլխավոր դերում։
Գալուստյանն այսօր նաև տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Դե ինչ, քառասունս լրացավ։ Վերջ, մանկությունն ավարտվեց, արդեն կատակել էլ չես ուզում առաջվա պես։ Ամեն ինչ տխուր է դարձել,– ասում է նա ու ծիծաղելով շարունակում, –հավատացի՞ք, ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։
Միշա Գալուստյանը (Նշան Գալստյան)ծնվել է 1979թ. հոկտեմբերի 25-ին, Սոչիում: Վաղ հասակից երգել, պարել ու ասմունքել է: Սովորել է Սոչիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա` 5 տարի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Զբաղվել է «Ձյուդո» մարզաձևով: Հինգերորդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել է թիվ 8 գիմնազիա, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել իր ստեղծած Վինի Պուխի դերով:
10-րդ դասարանից ընդգրկվել է դպրոցական ՈւՀԱ թիմում, դարձել է թմի կապիտանը և հաղթանակներ գրանցել մարզի դպրոցական ու բուհական թիմերի հետ խաղերում: 1996թ. ավարտել է դպրոցն ու ընդունվել բժշկական ուսումնարան, որից հետո` Սոչիի Տուրիզմի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այդ ընթացքում արդեն խաղում էր «Утомлённые солнцем» ՈւՀԱ թիմում, որի հետ մասնակցել է բարձրագույն լիգայի խաղերին: Զբաղվածության պատճառով կիսատ է թողել ուսումը և 2002թ. դարձել է թիմի կապիտանը: 2003թ. թիմը դարձել է հաղթող, իսկ 2004թ., 2005թ. և 2009թ.` ՈւՀԱ ամառային մրցարշավի հաղթող: 2006թ-ից, որպես դերասան, մասնակցել է ռուսական մի շարք հումորային հեռուստանախագծերի:
«Բոլոր հայերն այդ ախտանիշն ունեն». Մարտիրոսյանը «վախեցել» է Գալուստյանի համար. տեսանյութ
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Հիտլեր կապուտ» (2008թ.), «Հղիները» (2011թ.), «Ամենալավ ֆիլմ» (2008թ.), «Զայցև+1» (2011-14թթ), «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի» (2012թ.), «Այն նույն Կառլսոնը» (2012թ.), «Տոմս դեպի Վեգաս» (2012թ.) և այլն: 2011թ. ընդունվել է Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիա: Այժմ հանդես է գալիս СТС հեռուստաալիքում:
«Чача вдвоём» կամ հայկական Ակունա մատատան. Մարտիրոսյանը և Գալուստյանը նոր «տեսահոլովակ» ունեն