Բժիշկ գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հայկ Մանասյանը գլոբալ առումով դրական է վերաբերվում դիակային դոնորների փոխպատվաստման խնդրին, սակայն կարծում է, որ հասարակության ընկալումների հետ խնդիրներ կան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
«Զուտ փիլիսոփայական հարցեր կան այստեղ, որոնք պետք է մեզանից յուրաքանչյուրը սերտի, հետո նոր անցնենք բժշկական ոլորտ: Նախ, փիլիսոփայական, էթիկական մի քանի հարցեր մեծ քննարկման կարիք ունեն: Այնքան մեծ քննարկման, որ երբ առաջ գա պահը, որ վերակենդանացման բաժանմունքի դռների առաջ մարդուն ասեն՝ Ձեր սիրելիին պետք է անջատել ապարատից և նրա օրգանները նվիրել այլ մարդկանց, այդ պահին մարդն ադեկվատ լինի պատասխանելու՝ այո»,-ընդգծեց նա:
Բժշկի դիտարկմամբ` գերխնդիրն այն է, որ մեր հասարակության ներկայացուցիչների մեծամասնությունը ուղեղի մահը չի համարում մարմնի մահ: Նաև այդ հանգամանքը նկատի ունենալով, Հայկ Մանասյանը կարծում է, որ այս խնդրում պետք է առաջ շարժվել փոքր քայլերով:
Հայ բժիշկներին հաջողվել է երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կատարել
Նշենք` եթե մարդը չի ցանկանում, որ իր մահվան դեպքում օրգանների դոնոր լինի, պետք է հրաժարվի, նշելով, թե չի ցանկանում, որ իր ուղեղային մահից հետո իր օրգաններն օգտագործվեն դոնորային նպատակով: