ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որպես մարդ ու որպես քաղաքական գործիչ, բազմաթիվ հարցեր ունի «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին։ Այս մասին այսօր Աբովյանն ասաց ԱԺ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով Հունանյանի` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքին։
«Դժվար է խոսել Հոկտեմբերի 27–ի մասին, քանի որ այդ օրը փոխվեց ՀՀ ճանապարհը։ Դա ՀՀ նորագույն պատմության ամենացավալի, ամենասուր ու վատ օրն էր։ Ինչ վերաբերում է դատապարտյալի խնդրանքին, որի նույնիսկ ազգանունը չեմ ուզում ասել, ապա պետք է սպասել։ Չեմ ուզում մեկնաբանել անգամ` ճի՞շտ է, թե՞ սխալ նրա խնդրանքը»,–ասաց նա։
Պատգամավորի խոսքով` այս պարագայում որքան էլ էմոցիոնալ ընկալում ունենանք, պետք է սպասենք, թե ինչ որոշում կընդունի իշխանությունը։
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ դատապարտվելուց 20 տարի անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։
Դիմումը քննվելու է 80–օրյա ժամկետում։
Նաիրի Հունանյանը պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։
Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։