ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ափսոսում է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հրաժարականի համար։ Այս մասին Քոչարյանն ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ։
«Ափսոսում եմ Հովհաննես Քոչարյանի համար, քանի որ նա այս ընթացքում մեր հանձնաժողովի հետ շատ արդյունավետ է աշխատել։ Նրա հեռանալը կադրային կորուստ է ոստիկանության համար»,–ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք ճիշտ է մարդուն աշխատանքից ազատել իր հայացքների համար, քանի որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնել էր, որ նա ազատվել է աշխատանքից, քանի որ քաղաքական հայտարարություն էր արել։ Ի պատասխան պատգամավորը նշեց, որ ուժային կառույցի ղեկավարները քաղաքական հայտարարություն անելու իրավունք չունեն և քաղաքականության մեջ անելիք չունեն։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
«Նման բարձր դիրք ունեցող ոստիկանը պետք է հասկանա, որ լրագրողները ցանկացած հարց կարող են տալ, սակայն նա չպետք է ընկնի քաղաքական որևէ շահարկման մեջ։ Եթե Քոչարյանի հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ են տեսել, ուրեմն` որոշումը պետք է չհապաղեր»,–ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը հայտնել էր, որ Հովհաննես Քոչարյանը դիմում է գրել Facebook սոցիալական ցանցում իր գրառումից անմիջապես հետո, որտեղ նշել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնելուն և նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։
«Հայտարարությանը հաջորդել է նրա դիմումը: Դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից: Չեմ ճշտել՝ ինչն է պատճառը: Որոշումը կայացվել է նրա դիմումի հիման վրա», – նշել էր Կարապետյանը։
Քոչարյանն իր հրաժարականի մասին հայտնել էր հոկտեմբերի 23–ին` գրառում անելով Facebook–ի իր էջում։
Որն է եղել Հայրապետովին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառը. «Փաստ»