ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Տիեզերքի ուսումնասիրության հետ կապված ընկերությունները Հայաստանում աշխատելու դեպքում կստանան հարկային արտոնություններ, մասնավորապես` կազատվեն ԱԱՀ–ից։
Որոշումն ընդունեց այսօր ՀՀ կառավարության նիստում։
Հարցի քննարկման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում աշխատելու առաջարկով հետաքրքրված են այդ ոլորտի 2 կազմակերպություն։
«Կարծում ենք, որ օրենքի ընդունումից հետո այդ կազմակերպությունները կգան Հայաստան և գործունեություն կծավալեն»,– ասաց նա։
Իսկ ֆինանսների նախարարը մտավախություն հայտնեց, որ հետագայում այդ հարկային արտոնությունը կարող է չարդարացնել կառավարության այսօրվա սպասումները։
Ի պատասխան վարչապետն ասաց. «Մեկ է` այդ ընկերությունը չկա, հարկ չի վճարում։ Հիմա մենք նստել ենք, հոգ ենք տանում, թե այդ ընկերությանը ճիշտ է հարկային արտոնություն տալը, թե ճիշտ չէ։ Ուրիշ բան, եթե գործող լինի, ասենք` տարեկան 500 մլն դրամ հարկ է վճարում, նորմալ վիճակում էլ գտնվում է, ինչու ենք մենք դրան հարկային արտոնություն տալիս։ Բայց մենք ուզում ենք, որ այդ ընկերությունը գա ու Հայաստանում աշխատի։ Ես հասկանում եմ, որ սա ոչ մի երաշխիք չի տալիս, թե հենց այդպես էլ տեղի կունենա, բայց առնվազն ինչ-որ ուղերձ է»։
Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց` իր մտավախությունը վերաբերում էր նրան, որ արտոնությունից կարող են օգտվել ոչ թե իրականում տիեզերական ոլորտի ընկերությունները, այլ հնարամիտները, ովքեր կկարողանան օրենքում ինչ- որ բաց գտնել ու օգտվել դրանից։
«Մենք ունենք ընկերություններ, որոնք մեզանից հնարամիտ են»,– ասաց Ջանջուղազյանը։ Փաշինյանն էլ խնդրեց իրեն տրամադրել այդ ընկերությունների ցուցակը։
«Իրականում կան ընկերություններ, որոնք խոշորացույցով կնայեն, թե, ասենք, մակարոնի վաճառքն ինչպես կարող են մտցնել տիեզերական գործունեության տրամաբանության մեջ և օգտվել հարկային արտոնություններից»,– ասաց Փաշինյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ դրա համար ընկերությունները նախ պետք է արտոնագրեն իրենց գործունեությունը որպես տիեզերական։
«Եթե մակարոնները պետք է տիեզերք թռցնեն, կարծում եմ, կանցնեն այդ լիցենզավորումը»,– չբացառեց Ավինյանը։ Բայց և վստահեցրեց, օրինագծում բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցված։
Երկար, լուրջ ու հումորային քննարկումներից հետո, կառավարությունն, այնուամենայնիվ, ընդունեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած նախագիծը ու այն ուղարկել ԱԺ։
«Լավ չի, լավ չի». Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բացահայտել լրատվամիջոցների իրական տերերին
Նշենք, որ Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալներն այսօր կազմում են տարեկան 270 մլրդ ԱՄՆ դոլար։
Այս ոլորտի ընկերությունների ներգրավման համար հարկային տարբեր արտոնություններ են սահմանված Եգիպտոսում, Թուրքիայում, Հարավաֆրիկյան հանրապետությունում ու մի շարք այլ երկրներում։
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարությունում հույս ունեն, որ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։