ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պարգևավճարը նվազել է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հենց Անանյանը` մեկնաբանելով կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման որոշումը։
«Վարչապետի ու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգևավճարների առավելագույն չափեր։ Այդ կարգավորումների արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է»,– ասաց ՊԵԿ նախագահը։
Անանյանը հստակեցրեց` անցած տարի 2 մլն էր ստանում, այս տարի` 1.5։ Իր աշխատակիցների, այդ թվում` օգնականի, քարտուղարուհու վարձատրության չափերը, որոնց մասին մամուլը ժամանակին ակտիվորեն գրում էր, Անանյանը չցանկացավ բացահայտել։
Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնյայի ազատել է աշխատանքից
«Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր աշխատակից գնահատվում է, ու բոլոր պարգևավճարներն ամեն ամիս հաշվարկում եմ ես` իմ համակարգչով, գնահատման համակարգերի հիման վրա։ Դրա արդյունքում կարող է լինել աշխատող, որ ստանա բարձր, կարող է լինել աշխատակից, որ ստանա ցածր»,– ասաց նա։
Անանյանը հայտնեց, որ ՊԵԿ–ն ունի 750 աշխատակից, որոնցից համեմատաբար բարձր են վարձատրվում վարչությունների պետերը։ Տեսուչները ստանում են 150 000 դրամ։
Լրագրողների դիտարկմանը, թե այդ գումարը բավարա՞ր է կոռուպցիան կանխելու համար, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Դրա համար մենք աշխատում ենք այնպես անել, որ այդ տեսուչն ամեն ամիս պարգևավճար ստանա, որն իրականում ոչ թե պարգևավճար է, այլ իր աշխատանքի իրական գնահատականը։ Դա մոտավորապես 50-75 տոկոսն է իր աշխատավարձի»։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
Ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։
Հոկտեմբերի 23-ին ԱԺ–ում վարչապետը հայտարարեց, որ ոչ բոլոր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերն են բարձրացել, ոմանցը իջել է։
Ինչ վերաբերում է գաղտնիությանը, Փաշինյանը նշեց, որ դա ընթացակարգի հարց է։ Նախկինում վարձատրություններին վերաբերող բոլոր որոշումները կրում էին «գաղտնի» գրիֆը, որն այսօր էլ իներցիայով շարունակվում է։
Բայց ըստ վարչապետի` որոշումն իրականում գաղտնի չի ընդունվել, այլ 1 տարի առաջ, 2019թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հրապարակային։