Նոր պաշտոնանկություն. Կենտրոնի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին, քաղաքապետին, քաղաքական թիմին ու բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նա այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

Մետրոյի նոր կայարանը վարկային ծրագրով չի կառուցվելու. նախկին թաղապետի մեղադրանքն անհի՞մն է

«Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ ։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել»,– գրում է նա:

Մնացականյանը հայտնում է, որ իր որոշումը չունի քաղաքական դրդապատճառ և բացառապես անձնական է:

«Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել»,– գրում է նա` շնորհակալություն հայտնելով Փաշինյանին վստահության համար և վերահաստատելով իր աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին:

Մնացականյանը շնորհակալություն է հայտնում նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և ավագանու անդամ իր գործընկերներին, իր թիմակիցներին, ովքեր պատրաստակամությամբ սատարել են իր մեկամյա գործունեությանը, ինչպես նաև Կենտրոնի բնակիչներին։

Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը Կենտրոնի թաղապետի պաշտոնը ստանձնել էր մեկ տարի առաջ` 2018թ–ի հոկտեմբերին։ Մինչ այդ նա «Հայկական գորգի ազգային կենտրոնի» տնօրենն էր։