ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի— Sputnik. Այսօր` հոկտեմբերի 24–ին, Գյումրու «Ստիլ» պատկերասրահում տեղի ունեցավ «XIX դարի Ռուսաստան. ծաղկում» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, ցուցահանդեսում ներկայացված են 68 գրաֆիկական աշխատանքներ և կինոաֆիշներ։ Այստեղ կարելի է տեսնել ինչպես ռուսական կայսրության թագակիրների պատկերների փորագրություններ, կայսերական նավատորմի նկարներ, այնպես էլ վաղ խորհրդային շրջանի պաստառներ։
«Շատ հաճելի էր, և, միևնույն ժամանակ, անսպասելի էր Գյումրիում հայտնվել նման ցուցահանդեսում։ Ես առաջին անգամ եմ այստեղ և ափսոսում եմ դրա համար։ Կարծում եմ, որ նման ցուցահանդեսներն այցելուներ կգրավեն Ռուսաստանի տարբեր քաղաքներից, առավել ևս, որ քաղաքն ուղիղ ավիահաղորդակցություն ունի Մոսկվայի հետ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փոխտնօրեն Միխայիլ Բրյուխանովը։
Այն հարցին, թե որ հավաքածուն է ամենից շատ հավանել, Բրյուխանովը պատասխանեց, որ հետաքրքիր էր տեսնել կայսերական նավատորմի նավերի պատկերները, բայց ամենից շատ իրեն դուր են եկել կինոպաստառները, որոնք ծանոթ են մանկուց։
Իր հերթին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ սա յուրահատուկ ցուցադրություն է, որն այցելուներին ծանոթացնում է դարաշրջանի հետ։
Նրա խոսքով` Գյումրին հարթակ է, որտեղ ներկայացված են տարբեր մշակութային շերտեր։
«Այստեղ պահպանվել է Ալեքսանդրապոլի ճարտարապետությունը։ Ես նկատի ունեմ «Կումայրի» թանգարան–արգելոցի շենքերը, տեղանքի խոհարարական ավանդույթները, սովորույթները։ Բացի դրանից, մեր քաղաքում պահպանվել են այսպիսի յուրահատուկ աշխատանքներ։ Ինչ ասես արժե ռուսական կայսերական նավատորմի հավաքածուն», – Sputnik Արմենիային ասաց մարզպետը։
Ինչ վերաբերում է քաղաքի մշակութային կյանքին, ապա նրա կարծիքով, այն միշտ եղել է, բայց հիմա այս ոլորտի միջոցառումներն ավելի մեծ արձագանք են ստանում, քանի որ Գյումրուն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել։
Որպեսզի հայերն ավելի լավ իմանան. Երևանում «Ղրիմի գարունը» խորագրով ցուցահանդես է բացվել
Հավելենք, որ «XIX դարի Ռուսաստանը. ծաղկում» ցուցահանդեսը բաց կմնա երկու շաբաթ։