ՀՀ նոր իշխանությունների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը դեռ սկզբնական փուլում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀՀ նոր իշխանությունների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է։ Այս մասին նա այսօր ասաց «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Ինչու են ռուսաստանաբնակ հայ գործարարները գումար ներդնում հայկական ֆուտբոլում

Երևանում վերագործարկված բարձրավոլտ «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարար Սամվել Կարապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Ինչպես տեսաք, հիմա էլ իրար հետ աշխատում ենք, նոր նախագծեր էլ ենք անելու»,– նոր իշխանությունների հետ հարաբերությունների`լրագրողների հարցին ի պատասխան ասաց Կարապետյանը։

Քաղբանտարկյալ Փաշինյանն ապօրինի կերպով զրկված էր նամակագրության իրավունքից. Կարապետյան

Խոսելով ներդրումների մասին` ռուսաստանաբնակ գործարարը նշեց` ներդրումներ արդեն անում ենք, մնացածի մասին հերթով կիմանաք։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությանը, Կարապետյանը կարծիք հայտնեց, որ այն դեռ սկզբնական փուլում է։

Հիշեցնենք` «Տաշիր» ընկերությունների խումբը բազմապրոֆիլային ընկերություն է, որը հիմնվել է 1999 թվականին ու ավելի քան 200 ընկերություն է միավորում ռուսական տնտեսության տարբեր սեկտորներում։