ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի դրոշով նավերը կկարողանան անարգել անցնել ԵԱՏՄ անդամ երկրների ջրային տարածքն ու լողալ այդ պետությունների ներքին ջրային ուղիներում։ Դրա համար Հայաստանը պետք է վավերացնի 2019 թվականի փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց համաձայնագրի վավերացման նախագծին։Վերջին խոսքն Ազգային ժողովինն է։
Այժմ մի պետության նավերը մյուսի ջրային տարածք են մուտք գործում թույլտվության դեպքում։ Համաձայնագրով նախատեսվում է անցում կատարել ծանուցման համակարգի, այսինքն`ջրային սահմանը հատելու համար բավական է նախապես ծանուցել տվյալ պետությանը։
Բացի այդ, համաձայնագիրը թույլ կտա փոխադարձաբար ճանաչել ԵԱՏՄ անդամ պետությունների նավերի, դրանց նավապետների ու անձնակազմերի որակավորման փաստաթղթերը:
Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին
Նշենք, որ ծով չունեցող երկրներին նավեր ունենալու իրավունք է ընձեռում Ծովային իրավունքի մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, որին միացել են ծովային ելք չունեցող 44 երկիր, այդ թվում` Հայաստանը։
Կոնվենցիան ընդունվել է 1982թ.–ի դեկտեմբերի 10–ին, ուժի մեջ մտել 1994թ.-ի նոյեմբերի 16–ին։
Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2002թ.-ի դեկտեմբերի 9–ին։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղըզստանն ու Ռուսաստանը։
Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից