Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է փոխոստիկանապետի հրաժարականը

Հովհաննես Քոչարյանը դիմում է գրել` խնդրելով ազատել իրեն պաշտոնից իշխանությունների` բարեփոխումների վերաբերյալ նախագծի քննադատությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն` հոկտեմբերի 23–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով փոխոստիկանապետի հրաժարականը։

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից

Նրա խոսքով` Քոչարյանը դիմում է գրել Facebook սոցիալական ցանցում գրառումից անմիջապես հետո, որտեղ  նշել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն և նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։

«Հայտարարությանը հաջորդել է նրա դիմումը: Դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից: Չեմ ճշտել՝ ինչն է պատճառը: Որոշումը կայացվել է նրա դիմումի հիման վրա», – ասաց Կարապետյանը։

Հարցին` Քոչարյանի գրառումից հետո վարչապետի հետ զրույց եղե՞լ է, Կարապետյանը բացասական պատասխան տվեց։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

«Եթե նրանք` որպես փորձառու սպաներ և գիտակից պրոֆեսիոնալներ, որոշում են կայացնում հեռանալ, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչպես համոզենք նրանց հետ կանգնել», – նշեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը:

Հերթական պաշտոնանկությունը. վարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին