ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հետաքրքրվեց` ի՞նչն է պատճառը, որ Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում Հայաստանը հետընթաց է գրանցել։
Նշված զեկույցում Հայաստանի դիրքը վատթարացրել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ զեկույցի հեղինակներն ուսումնասիրում են տվյալ երկրում բիզնես վարելու հնարավորությունը` սկսած կազմակերպության գրանցումից մինչև բիզնեսի հնարավոր դադար (սնանկացման վարույթ)։
Նախարարի խոսքով`հիմնական ցուցիչը, որը բացասաբար է ազդել Հայաստանի գնահատականի վրա, բորսայի կայացած լինելու մակարդակը։
«Արդյունքում մեր համեմատական դիրքն անցյալ տարվա 41-րդից հասել է 47-րդ հորիզոնական»,– ասաց Խաչատրյանը։
Էկոնոմիկայի նախարարն ավելացրեց, որ այս ցուցիչը ՀԲ ուսումնասիրության մեջ առաջին անգամ է ներառվել։
Փաշինյանն ուրախությամբ հայտնում է` միայն 1 օրում 1.5 միլիարդ դրամ է վերադարձվել բիզնեսին
«Այս տարի ՀԲ–ն ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլև թե դրանց արդյունքում արժեթղթերի շուկայում քանի մասնավոր, ոչ պետական ընկերություն կա, որոնք արժեթղթեր են շրջանառում։ Ես փորձեցի հաշվարկել, թե որ տեղում կլինեինք անցյալ տարի` այս նույն ցուցանիշը հաշվի առնելով, ստացվեց նույն 47-րդ տեղը»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` չնայած ընդհանուր հաշվարկով Հայաստանի դիրքը հետընթաց է ապրել, բայց առանձին մի շարք ցուցիչներով առաջընթաց է արձանագրվել։
«Մենք առաջընթաց ենք արձանագրել հիմնականում հարկերի վճարման ուղղությամբ, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք ԱԱՀ–ի վերադարձ ենք արձանագրում», – ասաց նախարարը։
Դրական առաջընթաց է արձանագրվել նաև շինթույլտվությունների տրամադրման կարգում, արտաքին առևտրի ու մի շարք այլ փոքր ցուցիչներում։
Նշենք, որ ՀԲ զեկույցում ներառված են 190 երկրներ։
Հայաստանն արդեն 2-րդ տարին է` վարկանիշում զիջում է Ադրբեջանին, որը նախորդ տարվա 25-րդ հորիզոնականից հայտնվել է 34-րդում:
Հարևան երկրներից ամենալավ դիրքում Վրաստանն է` 7-րդ տեղում, Թուրքիան՝ 33-րդը, Իրանը՝ 127-րդը:
ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը 25-րդն է, Ռուսաստանը՝ 28-րդը, Բելառուսը՝ 49-րդը, Ղրղզստանը՝ 80-րդը։
Ի՞նչ է կատարվել իրականում. Կարապետյանը բացատրում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը