«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Դովեղի օրը. ինչպես Մովսիսյանը վերադարձրեց հայկական հողերը

Եկեք անկեղծ լինենք։ Եթե օրերից մի օր Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոն դառնա, կթնդա նաև Տավուշի մարզի Դովեղ գյուղի անունը, որովհետև հենց այնտեղ է Արոնյանը ժամանակին շախմատ խաղալ սովորել մորական պապից՝ վաստակաշատ մանկավարժ Սարգիս Ավագյանից։
Sputnik

Դովեղցիներն այսօր նշում են իրենց գյուղի օրը։ Ինչու հենց այդ օրը։ Որովհետև ուղիղ 35 տարի առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 24-ին աննախադեպ իրադարձություններ կատարվեցին։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Դովեղի օրը. ինչպես Մովսիսյանը վերադարձրեց հայկական հողերը
Այն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, իհարկե, կար, բայց շատ հարաբերական էր, և ադրբեջանցիներն անընդհատ օգտագործում էին Դովեղին պատկանող բավական մեծ անտառը։ Ի վերջո բանն այնտեղ հասավ, որ սկսեցին անտառում գտնվող չորս աղբյուրներից ջրատար կառուցել դեպի իրենց բնակավայրը։ Էստեղ արդեն հարաբերությունները խիստ լարվեցին։ Եվ հոկտեմբերի 24-ին Հայաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը Իջևանում դիմավորեց իր ադրբեջանցի պաշտոնակից Շամիլ Ռասիզադեին, երկուսով նստեցին մեքենան և Նոյեմբերյանով ուղևորվեցին դեպի Դովեղի անտառը։ Թե ինչ կատարվեց հետո, իր գրքում պատմում է Վլադիմիր Մովսիսյանը.

«Երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ, զինված մահակներով, հարձակվեց մեզ վրա: Ծեծկռտուքից անմասն չմնացի նաև ես`ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ: Ապա բռնի ուժով մեզ բերեցին Քամառլու: Տարան ակումբ, բարձրացրին բեմ և հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի` մինչև փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերն ադրբեջանական են։ Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ և կացին, ասելով, որ եթե չստորագրեմ, վիզս կտրելու են: Իրենց լեզվով ասացի, որ իրենցից չեմ վախենում և չեմ ստորագրելու»,- գրել է Վլադիմիր Մովսիսյանը։

Ի վերջո ադրբեջանցիները հասկացան, որ պարզապես ծանր քրեական հանցագործություն են կատարում, ուշքի եկան, ազատ արձակեցին հայերին, իսկ այդ ընթացքում դովեղցիները արդեն շարժվել էին դեպի Քամառլու։ Կրկին լսենք Վլադիմիր Մոսվսիսյանին.

«Դովեղ չհասած, տեսանք գյուղի բնակիչների մի մեծ խմբի՝ զինված հրացաններով, փայտերով, բենզինի տարողություններով, որ շտապում էին վրեժ լուծել, քանի որ լսել էին, թե Մովսիսյանին այնտեղ սպանում են։ Անմիջապես հանգստացրեցի մարդկանց, կատակելով, թե Մովսիսյանին այդքան էլ հեշտ չէ սպանելը։ Ու միասին վերադարձանք Դովեղ»։

Իրականությունը, սակայն, այն է, որ Վլադիմիր Մովսիսյանը իրոք բժշկական օգնության կարիքն ուներ։ Կրկին մեջբերեմ նրա «Հողի ճակատագրով» գրքից.

«Երևանում մի քանի օր հիվանդանոցում պառկելուց հետո եկա կենտկոմ եւ Կարեն Սերոբիչին պատմեցի կատարվածի մասին։ Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա շուռ եկավ և անձայն արտասվեց։ Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»։

Այս ամենն, իհարկե, անհետևանք չմնաց։ Կատարվածի մասին լուրը Մոսկվա հասավ։ Շամիլ Ռասիզադեին աշխատանքից հեռացրեցին։ Ադրբեջանի ղեկավար Բաղիրովը եկավ Հայաստան և ներողություն խնդրեց։ Խորհրդային միության գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց։ Բայց ամենակարևորն այն է, որ այս պատմությունից հետո հստակվեցին Հայաստանի և Ադրբեջանի վարչական սահմանները՝ վերևից ներքև՝ մինչև Մեղրի։ Հայաստանին անցան ոչ միայն Դովեղի անտառները, այլև որոշ արոտավայրեր Սիսիանում, Ոսկեպարի եկեղեցին՝ ընդհանուր առմամբ մոտ 15 հազար հեկտար տարածք։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Դովեղի օրը. ինչպես Մովսիսյանը վերադարձրեց հայկական հողերը
Հետագայում Վլադիմիր Մովսիսյանը գլխավորեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և 90 թվականի ամռանը մրցակցեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար։ Երևի հիշում եք՝ շատ համառ պայքար էր, մի քանի փուլով. երկու օր շարունակ որևէ մեկը չէր կարողանում բավարար ձայներ ստանալ, ի վերջո հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որն էլ հաջորդ տարի Հայաստանի նախագահ դարձավ։ 

Անցան տարիներ և երբ 1998 թվականին առաջին նախագահը հրաժարական տվեց ու նոր ընտրություններ նշանակվեցին, մի անգամ առիթ ունեցա հանդիպելու Վլադիմիր Մովսիսյանի հետ և հարց ուղղեցի նրան՝ Իսկ մտադիր չե՞ք հիմա կրկին առաջադրել ձեր թեկնածությունը և պայքարել Հայաստանի ղեկավարի պաշտոնի համար։ Նա ժպտաց ու պատասխանեց.

«Անցյալին վերադարձ չկա։ Ինչ եղել եղել է։ Մովսիսյանը կմնա Մովսիսյան»։

Համաձայնեք՝ ազնիվ գործչի ազնիվ պահվածք։ Իսկ դովեղցիներին շնորհավորենք՝ այսօր նրանց օրն է։