ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Այս մասին հայտնում է ՔԿ–ն` հերքելով «Փաստ» օրաթերթում հրապարակված լուրը։
Թերթն այսօրվա համարում գրել էր, որ հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ. «Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել է հեռացնել աշխատանքից: Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»:
«Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի որևէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել: Նշենք, որ խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որևէ անձ չի մասնակցել, հետևաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է»,– նշված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:
Թերթը գրել էր նաև, որ խնջույքին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, որոնք հեռացել են և երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում:
«Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչև դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաև հիշյալ հյուրանոցից»,– թերթի հրապարակման այդ դրվագին պատասխանել է ՔԿ–ն:
Քննչական կոմիտեն կոչ է արել զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ հնչեցնելուց:
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թափանցիկ իշխանության գաղտնի աշխատավարձերը