Մեքենավարների գործադուլ Գյումրիում. ՀԿԵ ղեկավարությունը փորձում է լուծել խնդիրը

ՀԿԵ գլխավոր տնօրենը և տարածքային կառավարման փոխնախարարը հոկտեմբերի 22–ին հանդիպել են երկաթուղու աշխատակիցների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ղեկավարությունը փորձում է լուծել Գյումրու լոկոմոտիվային դեպոյի` գործադուլ անող մեքենավարների խնդիրը։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

ՀԿԵ ընկերության մեքենավարները Գյումրիում գործադուլ են անում

Մեքենավարների աշխատավարձը տատանվում է 300-400 հազար դրամի սահմանում, նրանք պահանջում են 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Ինչպես նշեց Գրձելյանը, նրանց հետ երեկ հանդիպել են ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Արմեն Սիմոնյանը։

Մեր զրուցակիցը դժվարացավ ասել, թե ինչպիսի որոշում կընդունվի, միայն նշեց, որ դեպոյի աշխատակիցները երեկվանից աշխատանքի չեն գնացել։

Այս պահին լրագրողները հավաքվել են դեպոյի մոտ, բայց նրանց ներս չեն թողնում, քանի որ այն համարվում է ռազմավարական օբյեկտ։

Նշենք, որ սա երկաթուղայինների առաջին գործադուլը չէ։ Նախորդ գործադուլը նրանք կազմակերպել էին 11 ամիս առաջ, սակայն ասում են, որ այս ընթացքում որևէ բան չի փոխվել։

2018թ–ի նոյեմբերին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները հասան այն բանին, որ նրանց հավելավճար տվեցին։

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀԿԵ ու քննարկել ուղևորափոխադրումների ծավալի հարցը

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՌԵ–ն հույս ունի կառուցողական լուծում գտնել ՀԿԵ–ի շուրջ ծագած վիճելի հարցերում