Կխստացվեն պետությունից ֆինանսավորվող դրամաշնորհային նախագծերի պահանջները. Արա Խզմալյան

Նախարարի տեղակալը կարևորում է, որ պետությունից տրամադրվող դրամաշնորհներին արժանանան միայն լավագույն նախագծերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Այսուհետ Հայաստանում շատ խիստ չափանիշներով են ընտրվելու պետության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային նախագծերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը` նշելով, որ տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը փորձել է բավարարել բոլորի պահանջները:

ԿԱԻ նախկին աշխատակիցների համար վիճակը անորոշ է, իսկ նախարարության համար՝ հակառակը

«Փաստ է, որ այս տարիներին մենք չենք կարողացել դրամաշնորհ տրամադրել իսկապես արժեք ներկայացնող խմբերին, ստեղծագործություններին, որպեսզի այդ ծրագրերը հանրայնացնենք և դուրս բերենք միջազգային շուկա»,-ասաց Խզմալյանը և շեշտեց, որ պետությունից տրամադրվող միջոցներն անսպառ չեն, ուստի պետք է դրանք արդյունավետ կիրառել:

Նրա խոսքով` առաջնահերթություն են տալու բոլոր այն մշակութային նախագծերին, որոնցում շատ հստակ է կրթական բաղադրիչը։

«Դրամաշնորհային ծրագրերը կանցկացվեն երկու փուլով, նախ` հայտը կուսումնասիրվի, այնուհետև կհրավիրենք նախագծի հեղինակներին շնորհանդես անցկացնելու և նրանց մեզ հուզող հարցերն ուղղելու, որպեսզի հասկանանք նախագծի բոլոր նրբությունները» ,-ասաց նա:

Երևանում բացառիկ փառատոն կանցկացվի. Հայաստան կժամանեն լեգենդար կոմպոզիտորները

Խզմալյանը շեշտեց, որ շատ խիստ է դրվելու այն հարցը, թե տվյալ նախագիծն ինչ տևական ազդեցություն է ունենալու Հայաստանի ճանաչելիության, երկրի միջազգային վարկանիշի բարձրացման և նոր միջազգային կապերի հաստատման տեսակետից:

«Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ»․ Ռոբերտ Ամիրխանյան