Սիրիա-թուրքական սահմանի երկայնքով սիրիական և ռուսական ուժերի տեղակայման ընթացքին զուգահեռ, նշված տարածքի բնակչության շրջանում զգուշավոր մթնոլորտ է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Կամիշլիի հայկական եկեղեցու խոսնակ Հակոբ սարկավագ Պարսումյանը:
Մեր զրուցակցի հավաստիացմամբ՝ ներկա դրությամբ Կամիշլիին որևէ վտանգ չի սպառնում և կա վստահություն, որ Սիրիայի իշխանության կողմից ղեկավարվող դիվանագիտական և ռազմական աշխատանքները կապահովեն տվյալ շրջանի բնակչության անվտանգությունը, իսկ թուրքական ուժերն էլ չեն թափանցի այնտեղ:
Պետք է զգույշ լինել. Սիրիայի «Հայկական գումարտակի» մասին լուրերն ունեն քարոզչական նպատակ
«Կամիշլիում բնակվում է 425 հայկական ընտանիք` մոտ 3000 մարդ: Ունենք ազգային վարժարանը, ազգային եկեղեցին և իր կառույցները, և բոլորը միահամուռ շրջապատված են պետական մեկ անվտանգության շրջանի մեջ, և այս պահի դրությամբ ոչ մի բան չի սպառնում տեղի հայ ժողովրդին, Կամիշլիում գտնվող բնակչությանը»,-ասաց Հակոբ Պարսումյանը:
Ինչ վերաբերում է թուրքական քարոզչության կողմից տարածվող և ակնհայտորեն հայերին ու քրդերին միմյանց դեմ լարելուն ուղղված տեղեկություններին, այդ թվում՝ Թել Աբյադի հայկական եկեղեցու վերաբերյալ հրապարակումներին, Հակոբ Բարսումյանն ընդգծեց, որ տեղի հայության և քրդերի միջև փոխադարձաբար բարյացակամ վերաբերմունք է եղել, և այդ մթնոլորտը պահպանվել է: