ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը Twitter–ի իր պաշտոնական էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է ոչ պաշտոնական թագմանությունը։
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով:Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն: Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երաշխավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները: ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։
Աշոտյանը հիշեցրել է, որ ԵԺԿ-ն եվրոպական ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է։
2019թ–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:
Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Պատգամավորը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի: