Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Նրանք ոգևորում են հանդիսատեսին, ուրախացնում և ոգեշնչում երկրպագուներին։ Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերի մասին ընթերցեք մեր ընտրանիում։
Հենրիխ Մխիթարյան և Բեթի Վարդանյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տարիներ շարունակ գլխավորում էր երկրի ամենացանկալի փեսացուների ցանկը, բայց չէր շտապում հրաժեշտ տալ ազատ կյանքին։ Ամբողջ ազգը լրջորեն անհանգստանում էր նրա համար. ֆուտբոլային աստղը ոչ միայն հարսնացու, այլ նաև մշտական ընկերուհի չուներ, մինչդեռ 30-ը մոտենում էր։
Բայց անցած տարվա ապրիլին Լոնդոնում նա AGBU (Armenian General Benevolent Union) գալա երեկոյին ներկա էր գեղեցկուհի Բեթի Վարդանյանի` գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ։ ԶԼՄ–ներն իսկույն սկսեցին գրել, որ երիտասարդները հանդիպում են, և շուտով հարսանիք է լինելու։
Մեկ տարի անց Հենրիխը և Բեթին իսկապես ամուսնացան, ընդ որում, ճոխ հանդիսությունը տեղի ունեցավ հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։
Աշոտ Տեր–Մաթևոսյան և Սոֆյա Պողոսյան
Նրանք հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և ամենաքննարկվող զույգերից են։ Անկասկած, դերասանները շատ ներդաշնակ են։ Ռեժիսորները դա նկատել են դեռևս այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել։ Ի դեպ, 2010-2016թթ–ին Սոֆյան ամուսնացած էր։ Աշոտը` նույնպես. նա առաջին ամուսնությունից մեկ դուստր ունի ։
Բայց ճակատագիրն այնպես է տնօրինել, որպեսզի նրանց կյանքի ուղիները խաչվեն։ Նրանք միասին գլխավոր դերերում են խաղացել բազմասերիանոց ֆիլմերում։ Իսկ սեր խաղալը վտանգավոր է։ Մեր հերոսների դեպքում խաղը վերածվել է իսկական զգացմունքի։
Զույգը սկսել է միասին երևալ դեռ 2017թ–ին, իսկ այս ամսվա սկզբին նրանք պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները` անսահման ուրախացնելով երկրպագուներին ինչպես այս նորությամբ, այնպես էլ հիանալի լուսանկարներով։
Գուրգեն Դաբաղյան և Իննա
Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որը 2000թ–ի սկզբին ստացել է «Հայ երգի փոքրիկ իշխան» անվանումը, վերջերս է ամուսնացել։ Նրա ընտրյալը 19–ամյա հայուհի Իննան է` Ռուսաստանից։ Աղջիկը Գուրգենից փոքր է 12 տարով, բայց տարիքային տարբերությունը չի խանգարում զույգին և նրանք միասին հիանալի են։
Հայտնի երգչի երիտասարդ կինն` իր անսովոր գեղեցկությամբ արդեն հասցրել է նվաճել նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին։ Իսկ յուրաքանչյուր նոր համատեղ լուսանկար շատերի մոտ բուռն հիացմունք է առաջացնում։
Մովսես Երեմյան և Աննա Սիմոնյան
Այս զույգի երկրպագուները հայտնվեցին «Նռան հատիկ» սերիալից հետո։ Նրանք ֆիլմում որպես ամուսիններ էին խաղում, բայց ոչ այդքան երջանիկ։ Չնայած սերիալում հերոսների ընտանեկան կյանքը չի հաջողվել, իրականում Մովսեսի ու Աննայի երջանկությանը կարելի է միայն նախանձել։
Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 2016թ–ին և մեկ որդի ունեն։
Գրիգ Գևորգյան և Սոնա Եսայան
Նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ շատ ուրախ։ Դա զարմանալի չէ, չէ՞ որ Գրիգը հումորիստ է և շոումեն, իսկ Սոնան` պարուհի։ Զույգն ամուսնացել է այս տարվա սեպտեմբերին, իսկ հարսանիքի լուսանկարներն արժանացել են բազմաթիվ հիացական մեկնաբանությունների։ Կարծում ենք` Գրիգն ու Սոնան չեն ձանձրացնի միմյանց։