Ոչ բոլոր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերն են բարձրացել, կան նաև նվազումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ կարգով են փոփոխվել գործադիր մարմնի անդամների ու նրանց տեղակալների աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ոչ բոլոր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձերը նույնիսկ իջել են։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այդ մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։

Վարչապետն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող աշխատավարձ բարձրացնել. Գևորգ Պետրոսյան

«Ըստ էության, դուք շրջանցել եք «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով հաստատված հայտնի սանդղակը, բարձրացրել եք սանդղակի մեջ 3 սուբյեկտների աշխատավարձերը։ Ես այստեղ եմ խնդիր տեսնում։ Չի կարող կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնել։ Եվ երկրորդ` դրա գաղտնիության մեջ եմ խնդիր տեսնում»,– ասաց Մարուքյանը կառավարության ղեկավարին։

Ի՞նչ է կատարվել իրականում. Կարապետյանը բացատրում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը

Նա խնդրեց պարզաբանել, թե ինչու օրենքը խորհրդարան չի բերվել, և ինչու է առանց օրենքի փոփոխության նշված 3 պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվել։

Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի «պարգևատրումային սկանդալի» ընթացքում քննարկվել է, որ վարձրատրությունների չափի մեջ որոշակի անհամաչափություն կա։

«Հիմա այդ փոփոխության արդյունքում ոմանց աշխատավարձը իջել է, ոմանցը` բարձրացել, որովհետև նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան։ Իսկ այդ սանդղակը, որ դուք ասել եք` խախտվել է, այդ օրենքը վաղուց չի գործում»,– ասաց Փաշինյանը։

Գաղտնիության պայմաններում որոշում կայացնելու մասին դիտարկման հետ Փաշինյանը ևս չհամաձայնեց` ասելով, որ այդ մասին 1 տարի առաջ, 2019թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հրապարակային հայտարարել է։ 

Նախարարների աշխատավարձերը բարձրացնելը ճիշտ էր. ԱԺ փոխխոսնակը` գաղտնի որոշման մասին

Մարուքյանը, սակայն, հիշեցրեց, որ, ըստ էության, պաշտոնյաները հիմա բյուջեով նախատեսված 30 տոկոս պարգևավճարներից կրկնակի շատ գումար են ստանում։

«Մենք չենք ասել, որ պարգևատրումները 30 տոկոս են լինելու։ Մենք ասել ենք, որ տվյալ գերատեսչության աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու է պարգևատրումային ֆոնդ»,– ասաց վարչապետը։

«Կքննարկենք` ինչու է այդպես տեղի ունեցել». Մակունցը` աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով նախարարների աշխատավարձը սահմանված է 793 հազար 680, նախարարի առաջին տեղակալինը`661 հազար 400, նախարարի տեղակալինը` 562 հազար 190, նախարարի գլխավոր խորհրդականինը` 308 հազար 305, խորհրդականինը` 363 հազար 770 դրամ։