Այս հարցում ունենք համազգային կոնսենսուս. Փաշինյանը` Բաքվին զենք մատակարարելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Բաքվին ՀԱՊԿ երկրներից զենք մատակարարելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանում բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը համակարծիք են Ադրբեջանի` ՀԱՊԿ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից զենք գնելու հարցի շուրջ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին

Վարչապետը նշեց, որ Հայաստանը մշտապես բարձրացնում է այդ հարցը ռուսական կողմի հետ բանակցություններում, տարատեսակ հարթակներում։

«Մենք կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որովհետև մեր շեշտադրումները չեն տարբերվում։ Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ակտիվ կարվի։ Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի, մեր դիրքորոշումներն այս հարցում  նույնն են», – ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը` Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ տեսանելի ժամանակահատվածում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ է կրել, առնվազն վերջին 13 տարում այդ հռետորաբանությունը նույն դիրքի վրա է։

Ում թուղթն է ավելի պետական. պատգամավորի ու վարչապետի թղթերն իրար չեն համապատասխանում

«Եվ դա հիմնական խնդիրն է։ Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»,- հավելեց նա։

Նշենք` մի շարք ռազմական փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին շուկայական, իսկ Հայաստանին` արտոնյալ գներով։