ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը կարծում են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն իր պաշտոնում պետք է մնար մինչև վերջ: Այս մասին նրանք ասացին Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Չեմ ուզում մեկնաբանել հրաժարականի որոշումը, բայց փաստն այն է, որ ընտրական փուլի ավարտից երկու խաղ առաջ, թիմը մնաց առանց գլխավոր մարզչի» - ասաց Խորեն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընտրական երկու հանդիպում է անցկացնելու Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ:
Հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու նախկին մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը ևս կարծում է, որ Գյուլբուդաղյանցը թիմում պետք է մնար մինչև ընտրական փուլի ավարտը, միաժամանակ համոզված է` Հայաստանի հավաքականը վատը չէ։ Գրիգորյանը հիշեցնում է`ոչ վաղ անցյալում նույն մարզիչի գլխավորությամբ մեր թիմը երկրպագուներին նաև բերկրալի պահեր է պարգևել։
Հայերն արդեն հավաքվել են Տուրկուի մարզադաշտում. երկրպագուի օրագիր. տեսանյութ
«Ես համամիտ չեմ այն մարդկանց հետ, որ ասում են` մեր թիմը վատն է: Չէ՞ որ եղան խաղեր, որոնցից հետո նույն Գյուլբուդաղյանցն ու հավաքականի ֆուտբոլիստները մեր հերոսներն էին դարձել: Ընդունում եմ, որ միգուցե եղան նաև սխալներ, բայց ոչ ոք սխալներից ապահովագրված չէ: Պարզապես պետք է հասկանանք` արդյո՞ք մեր թիմն ի սկզբանե հավակնում էր Եվրո-2020-ի ուղեգրին»- ասաց նա:
Հավաքականի նախկին մարզիչը կարծում է, որ «Լիխտենշտեյնի հետ ոչ ցանկալի արդյունքից հետո հոգեբանորեն դժվար էր պատրաստվել ֆինների հետ խաղին: Սակայն հոգեբանական գործոնն անհաջող խաղի միակ պատճառը չէր։
«Թիմը հոգեբանորեն պատրաստ չէր այդ վճռորոշ խաղին: Բացի այդ, նրանք, ովքեր նախկինում Մխիթարյանի մասին քննադատական խոսքեր էին հնչեցնում, կարծում եմ`հասկացան, որ հավաքականում Հենրիխի ներկայությունը, անկախ ամեն ինչից, թիմին ոգևորում է»- ավելացրեց նա:
Գլխավոր մարզչի հրաժարականի հարցում նախկին թիմակցի հետ համամիտ է նաև Արմեն Շահգելդյանը։ Նրա խոսքով` եթե Գյուլբուդաղյանցը որոշել էր հեռանալ, ապա դա պետք է աներ Իտալիայի հետ խաղից հետո:
«Շատ լավ հասկանում եմ, թե ինչ ապրումների մեջ էր մարզիչը: Բայց մենք էլ պետք է հասկանանք, որ վատ արդյունքը միայն նրանով պայմանավորված չէ: Առանցքային երկու խաղացողի բացակայության պայմաններում մարզիչն արդեն կազմի որոշման հարցում լուրջ խնդիր ուներ: Մենք Իսպանիա կամ Ֆրանսիա չենք, որ երկու համարժեք կազմ ունենանք և կարողանանք արագորեն փոխել այն»,- ասաց Շահգելդյանը:
Նա համոզված է, որ նման խնդիրներից խուսափելու համար պետք էր ավելի վաղ մտածել, երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստել: Նրա խոսքով` բարձրակարգ ակումբներում խաղացող ֆուտբոլիստներին մեր հավաքականում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, իսկ փոխարինողներ չունենք:
Ե՛վ Գրիգորյանը, և՛ Շահգելդյանը կարծում են, որ վատ արդյունքի համար միայն մարզչին մեղադրելը ճիշտ չէ. թերացել են բոլորը։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում 0:3 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն ու գործնականում զրկվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորություններից:
Հիշեցնենք` հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական ներկայացրեց հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։