ՌԱԴԻՈ

Սուրենյանց․ «ԱԺ-ն ի սկզբանե սխալ մեկնակետից էր մոտեցել ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծմանը»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև ստեղծված իրավիճակին:
Sputnik
Սուրենյանց․ «ԱԺ-ն ի սկզբանե սխալ մեկնակետից էր մոտեցել ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծմանը»

Սահմանադրական դատարանն օրերս մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցության դիմումը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ ԱԺ-ի մասնագիտական և քաղաքական որակների մասին այդքան էլ բարձր կարծիքի չէ։

Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը

«Չեմ կարծում, որ կազմված փաստաթուղթը շատ բարձր որակ ուներ, ավելին՝ վերահաստատում եմ, որ դա սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ելքը չէր»,–նշում է Սուրենյանցը։

Ըստ քաղաքագետի՝ փաստաթուղթն ուներ բավականին վիճահարույց դրույթներ ու եթե նույնիսկ այն գրված լիներ շատ բարձր մակարդակով, շատ կանխատեսելի էր, որ ՍԴ-ն, միևնույն է, մերժելու էր։

«Սահմանադրական դատարանը շարժվեց, այսպես կոչված, կաստայի տրամաբանությամբ` ապտակ հասցնելով խորհրդարանական մեծամասնությանը: Ոչ միայն չմերժեց, այլև ընդհանրապես վարույթ չընդունեց ԱԺ–ի դիմումը՝ ակնհայտորեն ցույց տալով մի քանի խախտումներ»,-նկատում է Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով` ԱԺ-ն ի սկզբանե սխալ մեկնակետից էր մոտեցել ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծման խնդրին։

ՍԴ–ի նման վերաբերմունքն ԱԺ–ի նկատմամբ անարձագանք չի մնա. Մակունց

«Ինստիտուցիոնալ ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել անձին թիրախավորելով և կոնկրետ քրեաքաղաքական գործը հաշվի առնելով, սա ԱԺ-ի կոնցեպտուալ սխալն էր, որի պատասխանատվությունը, բնականաբար, ընկնում է խորհրդարանական մեծամասնության վրա»,-համոզված է Սուրենյանցը։

Այդուհանդերձ, քաղաքագետը համարում  է, որ ՍԴ-ի նման մոտեցումը նույնպես չի նպաստում ճգնաժամի հաղթահարմանը։

Սուրենյանցի խոսքով` այդ ճգնաժամի հանգուցալուծմանը չեն կարող մասնակից լինել ոչ քաղաքական իշխանությունը, որը, ինչպես ցույց տվեց ժամանակը, իր զինանոցում չունի արդյունավետ մեթոդներ, ոչ էլ ՍԴ-ն, որը իսկապես գտնվում է հանրային լեգիտիմության դաշտից դուրս։ Ըստ քաղաքագետի` միակ ելքը սահմանադրական փոփոխությունների անցկացումն է։