Փաշինյանն ուրախությամբ հայտնում է` միայն 1 օրում 1.5 միլիարդ դրամ է վերադարձվել բիզնեսին

Հայաստանի Հանրապետության վարչապետը վստահեցնում է, որ գումարի վերադարձման գործընթացը շարունակվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչեւ 5 միլիոն դրամ՝ ներառյալ»,– գրել է նա:

Վարչապետը նշել է, որ դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի:

Հիշեցնենք` դեռ սեպտեմբերի 12-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստում հայտնել էր, որ պետությունը բիզնեսին կվերադարձնի ԱԱՀ–ի պարտքերը` մոտ 56 միլիարդ դրամի չափով։

Անանյանը նշել էր որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ կամ «գերավճարներ», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից:

Իշխանության «շռայլ ժեստը», կամ ինչպես գործարարները կտնօրինեն վերադարձվող պարտքը