ՌԱԴԻՈ

Փաշայան. «Լիբանանի հայ համայնքի պարզ մարդկանց և հայ պաշտոնյաների մոտեցումներն այլ են»

Այս օրերին Լիբանանում ծավալվող ներքաղաքական զարգացումները, բնականաբար, չէին կարող շրջանցել հայ համայնքը: Եվ մեր հայրենակիցներից շատերը մասնակցում են ցույցերին:
Sputnik
Փաշայան. «Լիբանանի հայ համայնքի պարզ մարդկանց և հայ պաշտոնյաների մոտեցումներն այլ են»

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը նկատում է, որ բնականաբար, այլ են մոտեցումները հայ համայնքի սովորական մարդկանց և կառավարության մաս կազմող մեր հայրենակիցների: Նրա դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ Լիբանանի հայերը մասնակցում են ընթացիկ հեղափոխական շարժումներին: Բայց մյուս կողմից էլ, կառավարության մաս կազմող կամ իշխանության մեջ եղած հայ նախարարները, պաշտոնյաները, բնականաբար, քաղաքական նույն գիծը պետք է որդեգրեին, ինչ Լիբանանի գործող իշխանությունը:

Անհրաժեշտ է, որ ներկա կառավարությունը մնա. Արամ Ա կաթողիկոսը դիմել է Լիբանանի ժողովրդին

Բայց, ամեն դեպքում, կան մտավախություններ հետագայի հետ կապված. «Կան նաև շատ մտավախություններ կապված հեղափոխական շարժման հեռանկարների հետ, որովհետև Լիբանանը բավականին արագ անկայունության մեջ հայտնվելու վտանգներ ունի: Այն միշտ գտնվում է փխրուն հավասարակշռության մեջ, քանի որ Լիբանանում բախվել և բախվում են ընդհանրապես մերձավորարևելյան, նաև տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ պետությունների և ուժային կենտրոնների շահերն ու հետաքրքրություններ»,-նկատում է Արաքս Փաշայանը:

Փորձագետի դիտարկմամբ` պատահական չէ, որ քաղաքական մի շարք ուժեր, չնայած աջակցություն են հայտնել հեղափոխական գործընթացին, հայտարարել են, որ դեմ են կառավարության հրաժարականին, քանզի դա կարող  է նոր քաոս առաջացնել և երկիրը մղել դեպի հերթական անկայունության շրջան: