«Կքննարկենք` ինչու է այդպես տեղի ունեցել». Մակունցը` աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

Լիլիթ Մակունցը տեղյակ չէ` ինչու է կառավարությունը որոշել գաղտնի բարձրացնել նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում կառավարության հետ կքննարկի, թե ինչ հանգամանքներում է որոշվել, որ պետք է նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացվեն։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մակունցը։

Երեկ «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

«Տեղյակ չեմ` կառավարությունն արձագանքե՞լ է, թե ինչու են գաղտնի արել դա։ Տեղյակ չեմ նաև, թե ինչու է կառավարությունը որոշել գաղտնի կերպով բարձրացնել նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը։ Պետք է պարզաբանում ստանալ, թե ինչու է այդ ընթացակարգով եղել»,–ասաց Մակունցը։

Նա նշեց, որ քանիցս ինքն էլ խոսել է պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացման մասին ու ասել, որ պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Իսկ թե ինչու է գործադիրը նման որոշում կայացրել գաղտնիության սկզբունքով, ըստ Մակունցի, այդ մասին պարզաբանումներ կներկայացնեն քննարկումից հետո։

Հիշեցնենք, որ ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։

«Ինչո՞ւ միայն դատավորներինը». դատախազը դժգոհ է աշխատավարձերի բարձրացման մեխանիզմից