Ապրանքը վերադարձնելիս վեճեր չե՞ն լինի. ինչ է պարտադրելու նոր օրենքը վաճառողին ու սպառողին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է օրենքի նոր նախագիծը, որով կկարգավորվի գնված ապրանքը վերադարձնելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Սպառողն այսուհետ այլևս ստիպված չի լինի վաճառողին համոզել հետ վերցնել գնված ու պատշաճ վիճակում գտնվող ապրանքը. հարցը կկարգավորվի օրենքով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Շատ են դեպքերը, երբ ահազանգում են մեր ՀԿ–ին, որ այսինչ խանութում ապրանքը հետ չեն վերցնում։ Խանութը մի բան է ասում, սպառողը` մեկ այլ, օրենքը` բոլորովին ուրիշ բան։ Իսկ այս դեպքում կլինեն ապրանքի վերադարձի հստակ չափանիշներ, որոնք յուրաքանչյուր սպառող խանութ մտնելիս կտեսնի», – ասում է Պիպոյանը։

Նշենք, որ  Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել` առաջարկելով փոփոխություններ կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում։ Նախագիծը հրապարակվել է հոկտեմբերի 18-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։

«Լավորակ սննդային սովորույթների ձևավորումը իրականացնում է պետությունը»․ Դավիթ Պիպոյան

Ըստ նախագծի` հայաստանյան սպառման կետերում տեսանելի վայրում պետք է փակցված լինի վահանակ, որում գրված կլինեն ապրանքների վերադարձի ու փոխանակման պայմանները և վերադարձի ոչ ենթակա ապրանքների ցանկը։ Վահանակը չտեղադրելու դեպքում սպառման կետը կստանա նախազգուշացում։ Այն մեկ տարվա ընթացքում դարձյալ չտեղադրելու դեպքում կտուգանվի 50 հազար դրամով։

«Պարմա» սուպերմարկետում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

«Սա այն դեպքն է, երբ տուգանքը ոչ թե պարզապես տուգանք է և վերջ, մոռացանք, այլ խնդիր է լուծում, այսինքն` տուգանքը վճարելուց հետո էլ խանութը պարտավոր է տեղադրել վահանակը։ Տուգանքը կարող էր 30 հազար լինել կամ 100 հազար. գումարի չափը էական չէ»,–ասաց Պիպոյանը։

Սպառողների իրավունքների պաշտպանի խոսքով` լավ կլիներ, եթե օրենքում ավելանար նաև կետ` որոշում կայացնող հանձնաժողովի մասին.

Պիպոյան. «Առնվազն տարօրինակ է քաղաքային իշխանությունների անտարբերությունը»

«Անգամ վահանակի առկայության դեպքում հնարավոր են վեճեր` այսինչ 10 հազար դրամանոց պայուսակը օգտագործվե՞լ է վերադարձից առաջ, թե՞ ոչ։ Եվ շատ անիմաստ եմ համարում, որ դրա համար կողմերը գնան դատարան, ամիսներով լուծեն 10 հազարանոց ապրանքի հարցը։ Լավ կլինի` լինի հանձնաժողով, որը երկու կողմերի համար անբեկանելի որոշում կկայացնի»,–ասաց Պիպոյանը։

Օրենքն այժմ արդեն սահմանում է` որ ապրանքներն են, որ ոչ մի դեպքում վերադարձի ենթակա չեն։ Դրանց շարքում են սննդամթերքը, դեղորայքը, կենցաղային քիմիայի ու կոսմետիկ ապրանքները։ Վերջիններից թույլատրվում է վերադարձնել կամ փոխարինել միայն օծանելիքը, փոխարենը` քսուկները, ներկանյութերը, շրթներկը (անգամ չբացված լինելու պարագայում) կարող են տվյալ ապրանքի համար անհամապատասխան պայմաններում պահվել, ասենք` շատ տաք կամ շատ սառը վայրում, այդպիսով դառնալով օգտագործման համար ոչ պիտանի։