«Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանն ուզում է դուրս գալ բանտից

Սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտվածը վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով դիմել է քրեակատարողական ծառայությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Դիմումն ընթացքի մեջ է։ Այն կքննարկվի 80–օրյա ժամկետում»,– ասաց նա։

Նավիկյանի խոսքով` 20 տարուց հետո ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար, իսկ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է։ 

Նաիրի Հունանյանը պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

«Փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա». Սամվել Բաբայանը` «Հոկտեմբերի 27»-ի մասին

Ռոբերտ Քոչարյանը գիտի՞ Վահան Շիրխանյանի աղմկահարույց նամակի մասին

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։ Ցմահ բանտարկության դատապարտվեցին խմբի պարագլուխը` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։

Ազատազրկման տարիների ընթացքում խմբի անդամներից 4-ը մահացան, ինչը կասկածներ ծնեց հանրության շրջանում։

Դեռ նախաքննության փուլում`2000թ.-ին, իր բանտախցում էլեկտրահարվեց մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր հանցախմբին զենք վաճառելու մեջ:

2004թ. ապրիլի 16-ին «Նուբարաշենում» կախված հայտնաբերեցին Նաիրի և Կարեն Հունանյանների մորեղբորը` Վռամ Գալստյանին։ Մինչ այդ նա առերես հարցաքննություն էր պահանջել Նաիրի Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի հետ` հայտարարելով, որ կարևոր ասելիք ունի «Հոկտեմբերի 27-ի» գործով։

2010թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանկարծամահ եղավ Համլետ Ստեփանյանը` պաշտոնական վարկածով` սրտի կաթվածից։

2017թ–ին բանտում սրտի կաթվածից մահացավ նաև Էդիկ Գրիգորյանը։  Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել, խմբի անդամներից մի քանիսը հավաքագրվել էին Գրիգորյանի ջանքերով։

Գործով անցնող կարևոր վկաներից 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախված հայտնաբերվեց ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից Հասմիկ Աբրահամյանը:

2004 ավտովթարից մահացավ գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:

1999թ.–ի ԱԺ անդամների սպանությունը. ՀՔԾ–ն չի զբաղվում ԱԱԾ-Հունանյան կապերը ստուգելով