Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով

Արսեն Բաբայանի ձերբակալումը բացահայտ հոգեբականան ճնշում է ՍԴ նախագահի վրա, քանի որ հոդվածը, որով մեղադրվում է նա, համաներման հոդվածների մեջ է մտնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումը, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է: Այս մասին Շարմազանովն ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ:

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ինչ կապ ունի Գագիկ Հարությունյանը

Հայտնել էինք, որ երեկ ՀՔԾ-ն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Այս դեպքի առթիվ հարուցված քրգործով էլ ձերբակալվել էր Բաբայանը:

«Համոզված եմ, որ Արսեն Բաբայանի ձերբակալումը Հրայր Թովմասյան օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբականան ճնշում է ՍԴ նախագահի վրա, մանավանդ, արդեն բարձրաձայնվել է, որ հոդվածը, որով մեղադրվում է Բաբայանը, համաներման հոդվածների մեջ է մտնում»,-ասաց նա:

Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»

Շարմազանովի խոսքով՝ Բաբայանի ձերբակալումը գործող իշխանության հերթական շոուն է:

Թովմասյան. «Ինձ ներկայացվող մեղադրանքներից անգամ հավերի ծիծաղը կգա»

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվել էր 2018-ի մարտի սկզբին, իսկ դրանից առաջ՝ 2014 թվականից, զբաղեցնում էր խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։

Անդրադառնալով Թովմասյանի դստրերին և հորն ԱԱԾ հրավիրելուն՝ Շարմազանովը նշեց, որ նման քայլն անթույլատրելի է: Ըստ նրա՝ դա բարոյական, քաղաքական և իրավական նորմերի խախտում էր, և հոգեբանական ճնշում Թովմասյանների ընտանիքի նկատմամբ:

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, հաջորդ օրը ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն ԱԱԾ էին կանչվել։